Գեղшմ Նազшրյшնը՝ ԱԺ-ում լшրվшծ իրшվիճակի մшսին.

Գեղшմ Նազшրյшնը՝ ԱԺ-ում լшրվшծ իրшվիճակի մшսին

Այսօր մեկնարկել են ԱԺ քառօրյա նիստերը։ Սակայն այս անգամ ևս նիստն առանց միջադեպերի չի անցել։ Նիստի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև, որից հետո նիստը ընդմիջվել է։ Բանավեճի ընթացքում Ռուբինյանը տեղից դուրս եկավ և գնաց դեպի ընդդիմության կողմ, սակայն արագ վերադարձավ հետ։

ArmDaily.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզելու, թե այս պահին ինչպիսի իրավիճակ է ԱԺ-ում։

«Հիմա հանդարտ է, շատ արագ հանդարտվեց այս անգամ, լուրջ բախումներ տեղի չեն ունեցել»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Նազարյանը։

Հարցին, թե ուր էր գնում Ռուբինյանը՝ պատասխանեց. «Կեսից հետ դարձավ, չգնաց, չգիտեմ ուր էր գնում կամ կարողա ուզում էր դուրս գար դահլիճից։ Ամեն դեպքում կեսից կանգնեց, նիստը հետաձգվեց, կրքերը հանդարտվեցին»։

«Ես այսօր ելույթ ունեցա մինչև այդ միջադեպը ու այսպիսի միտք ասեցի, որ ինչ-որ մեկը ձգտում է արժեզրկել Ազգային ժողովը։ Այդպես եմ գնահատում, խնդիր է դրված ԱԺ-ն արժեզրկելու և այսպիսի դրսևորումներով, այսպիսի իրադարձություններով։ Ընդհանրապես փորձ է արվում ամեն ինչը արժեզրկել, այդ թվում նաև պետական կառույցները, այդ թվում նաև Աժ-ն։

Ընդդիմությունը ի՞նչ անի, երբ կիսասուր հարցադրումներ են հնչում, իրենք բորբոքվում են, երբ առաջարկվում է, որ պետք է Աժ-ում քննարկվի, թե ինչ են խոսել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները, իրենք դա վատ են ընդունում»,-նշեց Գեղամ Նազարյանը։

Հարցին, թե ընդդիմությանը չի՞ հետաքրքրում իշխանության վարքագիծը, ինչպես ուզում խոսում են իրենց հետ, Նազարյանն ասաց. «Չէ, գիտեք, ոչ բոլորն են այդպես, բայց կան մարդիկ, որոնք ինչ-որ տեղից եկած հրահանգով դիտավորյալ վիրավորում են հունից հանելու համար, նյարդայնացնելու համար, դա ակնհայտ է։ Իսկ ինչ անենք, անում ենք այն, ինչ այդ պահին կարծում ենք ճիշտ է կամ ինչքանով, որ կարողանում ենք զսպել այդ՝ խորհրդարանին ոչ հարիր պահվածքը»։

Տեսակետին, որ մի քանի ամիս է, ինչ մեկնարկել է ԱԺ աշխատանքը, բայց «սայլը տեղից չի շարժվում» Աժ-ում վեճերի և ծեծկռտուքների պատճառով, Նազարյանը հարցրեց. «Իսկ, որ ասում եք «սայլը տեղից չի շարժվում, ինչ նկատի ունեք։ Խնդիրն այն է, թե ով ինչ նպատակ ունի, եթե մի կողմի նպատակը այս վիճակից երկիրը դուրս բերելն է, դեպի արժանապատվություն տանելն է, ապա մյուս ուժի ղեկավարի խնդիրը լրիվ այլ է։ Դրա համար տեղի է ունենում բնական բախում»։

Նազարյանը խնդրի այլընտրանքային լուծում չի տեսնում։ Հարցին, թե ընդդիմությունն այլ տարբերակ չունի իր ծրագրերն իրականացնելու, պատասխանեց հարցով, իսկ ինչ առաջարկ, որ հուշեք կքննարկենք։

«Խնդիրը այն է, որ էն, ով ունի մեծամասնություն, իր նպատակը ո՞րն է, տեսեք շատ պարզ օրինակ՝ այսօր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր երկու հարց, որ ներառվի օրակարգում՝ բազմազավակ ընտանիքներին աջակցության հարցը և սահմանազատման ու սահմանագծման խնդիրների քննարկում, երկուսն էլ մերժվեց։

Մերժվեց քննարկելը, ես չեմ ասում ներկայացված օրենքը, ներկայացված հայտարարության տեքստը, ընդհանրապես մերժվեց քննարկելը։ Դա հենց վկայում է, որ իրենց ղեկավարի խնդիրը բոլորովին այլ է։ Մենք պետք է խնայելով մեր նյարդերը պետք է անդադար փորձենք հասկացնել, որ այս ձևով երկիր չեն կառավարում։ Մի պահ իրենք կհասկանան և կթողնեն, կգնան իրենց գործերով»,-ասաց նա։

Հարցին, թե այդ հույսը կա՞, որ կթողնեն կգնանք, պատասխանեց. «Դա հույս չի, դա անհրաժեշտություն է, որը պետք է լինի։ Հասկանալու են, հաստատ հասկանալու են»,-նշեց պատգամավորը։

Հարցին, թե արդյոք ուշ չի լինի արդեն, մինչև նրանց հասկանալը, ասաց. «Արդեն իսկ ուշ է, եթե անկեղծ ասենք՝ ուշ է, բայց պահելու են, որի հիման վրա, որի հիմքի վրա մենք կարող ենք արժանապատիվ պետություն սարքել, խնդիրներ լուծող պետություն սարքել, դեռ ունենք, բայց տեսնում ենք, որ խնդիր է դրված նաև ջարդուփշուր անել այդ վերջին հնարավորությունը, բայց մենք թույլ չենք տալու, մենք ասելով նկատի ունեմ բոլորին, ոչ միայն ընդդիմությանը, բոլոր նրանց, ովքեր սիրում են Հայաստանը»։

Նազարյանը պնդում է՝ ինչքան էլ թույլ չի տալիս իշխանությունը ընդդիմության օրակարգ բերած հարցերի քննարկում, միևնույնն է իրենց մոտ ինչ-որ բան ստացվում է։

«Իսկ որոշումներ ընդունելը, այո, իրենք ունեն մեծամասնություն և օգտվում են այդ հանգամանքից»,-եզրափակեց պատգամավորը։

(Visited 68 times, 1 visits today)