Սյունիքի փոխմարզպետը հայտարարություն է տարածել․ Իրավիճակը Գորիս-Կապան ճանապարհին

Գորիս-Կապան ճանապարհի վիճելի տարածքի հատվածում իրանական տրանսպորտային միջոցների կուտակումներ այս օրերին չկան։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները շարունակում են կանգնեցնել Իրանի բեռնատարները, ստուգումներ իրականացնել ու վարորդներից գումար պահանջել։

Նա նաև ասաց, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, իսկ օրեր առաջ ձերբակալված 2 իրանցի վարորդներից տեղեկություն չկա։

Սյունիքի մարզպետի տեղակալի խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված ադրբեջանական անցակետում հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները չեն կանգնեցնում։

Նարեկ Բաբայանը, խոսելով Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհից, ընդգծեց, որ շինարարությունն արագ տեմպով է ընթանում. «Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի շինարարությունը շատ արագ է ընթանում, ամբողջությամբ վերջացրած կլինեն մոտ 2 ամսից։ Տաթև-Աղվանի հատվածը վերջացրել են, հիմա մնում է Կապանի հատվածի 13 կմ-ը»։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհով բեռնատարների անցնելու հարմարավետությանը՝ մարզպետի տեղակալը նշեց, որ թեպետ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ավելի կարճ է, բայց բեռնատարների համար Գորիս-Կապան ճանապարհն ավելի հարմարավետ է:

«Տաթև-Աղվանի ճանապարհին թեք ոլորաններ են, և շատ բարձած բեռնատարների վարորդները պրոբլեմ են ունենում անցնելիս, իսկ Գորիս-Կապան ճանապարհով ավելի թեթև են անցնում։

Հիմա վարորդները կնախընտրեն քիչ բարձել բեռնատարներն ու Տաթև-Աղվանիով գալ, թե շատ կբարձեն ու Գորիս-Կապանով կգան և հարկեր կվճարեն ադրբեջանական անցակետում՝ ես դա արդեն չեմ կարող ասել»,

— ասաց Նարեկ Բաբայանն ու հավելեց, որ Տաթև-Աղվանիով անցնելիս կցորդիչով բեռնատարների դժվարանցանելիությունը ևս պայմանավորված է ճանապարհի թեք ոլորաններով։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում սեպտեմբերի 12-ից Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների փաստաթղթերի ստուգում։

Նարա Մարտիրոսյան

(Visited 808 times, 1 visits today)