Եկել է հստակ քայլերի ժամանակը․ ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթն ու դրա սպասարկուները հեռացվելու են

Արդյոք սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Միրզոյանի և Լավրովի հանդիպմանը:

Սա կարևոր ուղերձ է. Հայաստանի բարձրագույն ղեկավարության, նախկին նախագահների, քաղաքական կուսակցությունների ներկայությունը կդառնար Հայաստանի` Արցախի վերամիավորման կուրսի հռչակում:

Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի բացակայությունը Ստեփանակերտում հարգանքի տուրք է ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթին և Ռուսաստանին, որը հետևողականորեն իրականացնում է Հայաստանը մասնատելու և ինքնիշխանությունը վերացնելու Լավրովի ծրագիրը:

Լաչինի միջանցքը հսկում են ռուս խաղաղապահները: Նրանց հրաման տրվե՞լ է չթողնել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը մտնել Արցախ: Հակառակ ավանդույթի, Արարատ Միրզոյանը նույնպես Արցախ չգնաց, չնայած բոլոր արտգործնախարարներն իրենց առաջին այցը կատարել են Ստեփանակերտ (բացառություն էր Արա Այվազյանը, որի այցը Ստեփանակերտ 2021 թվականի հունվարին դեմարշ առաջացրեց Բաքվում):

Առավել կարևոր ուղերձն այն է, որ Հայաստանի կառավարության և խորհրդարանի մակարդակով չեն բարձրաձայնվում վերամիավորման մտադրությունների, առավել ևս քաղաքական գործողությունների մասին: Կառավարության ծրագրում վերամիավորումը նշված չէ որպես «Արցախյան կարգավորման» վերջնական նպատակ: Խորհրդարան անցած «ընդդիմադիր» ուժերը նույնպես ճանաչում կամ վերամիավորում չեն պահանջում:

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից գաղտագողի միանձնյա որոշմամբ ստորագրված՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը Արցախի և Հայաստանի համար մի նոր վտանգավոր շրջափուլ բացեցին», գրել է Սերժ Սարգսյանը իր ուղերձում: Պատրա՞ստ է Սարգսյանի կուսակցությունը վիճարկել ստորագրված փաստաթղթի օրինականությունը Սահմանադրական դատարանում և միջազգային ատյաններում:

Եկել է հստակ քայլերի ժամանակը: Առանց կոնկրետ գործողությունների Փաշինյանին ուղղված մեղադրանքները միայն ամրապնդում են «միանձնյա որոշումը»: Անկախության 30-ամյակի կապակցությամբ Արցախին շնորհավորող ուժերը պատրա՞ստ են դեմ գնալ «եռակողմ փաստաթղթին» և դիմել միջազգային կազմակերպություններին:

2020 թվականի հոկտեմբերին, ինչպես խոստովանեց Ալիևը, «որոշ երկրներ» փորձեցին ՄԱԿ-ում ընդունել «Բաքվի համար վտանգավոր» բանաձևեր, սակայն Բաքվի «բարեկամները» կարողացան կանխել այդ քայլը:

Բացի այդ, Ալիևը խոստովանել է, որ եթե պատերազմը չդադարեցվեր նոյեմբերի 9-ին, Բաքուն ավելի մեծ կորուստներ կունենար, իսկ պատերազմի ելքը կարող էր այլ լինել:

Ռուսաստանը, որը եռակողմ հայտարարության հեղինակն է, ամեն ինչ անում է, որպեսզի հարցը մեռցվի եռակողմ ձևաչափում և չանցնի միջազգային մակարդակ: Իսկ դրանում Ռուսաստանին օգնում է Հայաստանի քաղաքական դասը, չնչին բացառություններով: Լավրովի և Միրզոյանի հանդիպումը Մոսկվայում դրա ապացույցն է:

Ի՞նչ խնդիր են լուծում Հայաստանի նախկին և ներկա իշխանությունները՝ սպասարկելով ռուս-թուրքական «եռակողմ» ձևաչափը:

(Visited 82 times, 1 visits today)