Հրատապ. քիչ առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց

Հարգելի՛ հայրենակիցներ

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և

Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:

Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ:

Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության:

Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից:

(Visited 44 210 times, 1 visits today)