Էրդողանը փակեց Ալիևի ճանապարհը. պատերազմի հանցագործություն

Մարտունիում 4 զոհի եւ 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է, հայտարարել է Արցախի մարդու իրավունքի պաշտպան Արտակ Բեգլարյանը, խոսելով թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորման հոկտեմբերի 1-ի գործողությունների մասին:

Վիրավորների մի մասը լրագրողական խումբն է, որ լուսաբանում է պատերազմը: Նրանց շարքում եղել են ոչ միայն հայաստանցի, այլեւ արտասահմանցի լրագրողներ, այդ թվում ֆրանսիական լրագրողների խումբը Լե Մոնդ հեղինակավոր պարբերականից:

Մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ ադրբեջանական կողմում կռվում են վարձկաններ եւ ահաբեկիչներ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում: Վարձկանների եւ ահաբեկիչների մասին ավելի վաղ հայտարարություն էին արել Ռուսաստանի ԱԳՆ-ն, Իրանի նախագահի խոսնակը: Հարցը քննարկել եւ խիստ վտանգավոր է համարել ՌԴ ԱԽ-ն, ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Պեսկովը:

Ադրբեջանը Թուրքիայի հրահրումով սկսել է ոչ թե պատերազմ, այլ պատերազմական հանցագործություն: Դրանք անշուշտ տարբեր բաներ են: Եվ այդ տարբերությունը տվյալ պարագայում առավել քան էական է:

Բանն այն է, որ Ալիեւին քաղաքականից աստիճանաբար ահաբեկիչ-մահապարտի վերածելու գործընթացը Էրդողանի համար միանգամայն ծրագրված, ոչ թե իրադարձությունների զարգացմամբ ստացված գործընթաց է:

Կլանելով Ադրբեջանն ու վերածելով այն գործիքի, Էրդողանն ունի երաշխիքի կարիք, որ Ալիեւը չի կանգնի «կես ճանապարհին» եւ շրջվելով չի փորձի փրկվել, որեւէ այլ պայմանավորվածությամբ:

Իսկ դրա համար կարեւոր է, որ նա սկսի ոչ թե պատերազմ, այլ միանգամից պատերազմական հանցագործություն, հանցագործություն մարդկության դեմ, որպեսզի չունենա նահանջի ճանապարհ:

(Visited 1 077 times, 1 visits today)