Ավելի լավ է լինեմ Ադրբեջանի «ամենասև ցուցակում»

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ФАН-ին տված հարցազորւյցում ադրբեջանական իշխանությունների կողմից իր անունը «սև ցուցակում» ներառելը համարել է խորհրդանիշն այն բանի, որ ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իրեն ներառել է այդ ցուցակում, քանի որ այնտեղ կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է Բաքվի հետ համաձայնեցնի իր այցը Ղարաբաղ: «Եթե դա այն երկիրն է, որն ինքս եմ տեսել՝ ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում՝ կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները գնդակոծելու համար, ապա ես, հավանաբար, չեմ ուզում լինել այդ երկրի «սպիտակ ցուցակներում», ես ավելի լավ է լինեմ «ամենասև ցուցակներում»»,- նշել է պատգամավորը:

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը լավ կլինի, որ «ուշքի գա»: «Քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է համաշխարհային հանրության անդամ լինել, չպետք է իրեն այդպես պահի: Եվ եթե նույնիսկ ձախ ուսին նստած են «Իսլամական պետության» գրոհայինները և պարոն Էրդողանը, պարոն Ալիևը չպետք է իրեն պահի այնպես, ինչպես մի մարդ, որը մեկընդմիշտ իր անունը կմտցնի ադրբեջանական պատմության սև ցուցակներում:

Չէ՞ որ նա Ադրբեջանի որդիներին դրդում է դեպի հակամարտություն, եղբայրասպան պատերազմի, մահվան»,- ընդգծել է ռուս պատգամավորը և հույս հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ԼՂ-ում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում կկայացնեն:

«Նրանք կարող են ինձ ցմահ գրանցել այդ ցուցակում, կարևորն է այն, որ իրենք այդ ցուցակներում չներառեն մահացած խաղաղ բնակիչներին: Իսկ նրանք հենց դա էլ անում են: Նրանք պատերազմ են վարում, նրանք մարդասպաններ են, և մարդկանց արյունը նրանց ձեռքերի, նրանց խղճի վրա է»,-մեկնաբանել է Միլոնովը:

Այս պահին պատգամավորը հումանիտար նպատակներով գտնվում է Ստեփանակերտում:

 

(Visited 727 times, 1 visits today)