Պայքարը թեժանում է. իշխանության կարևոր «նվերը» Արթուր Վանեցյանին

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հուլիսի 31-ի առավոտյան հրավիրվել է ԱԱԾ, հարուցված քրգործով պարզաբանում տալու համար: Նա ԱԱԾ եկել էր, բայց հրաժարվել էր պարզաբանումից: Իսկ գործն այն մասին է, որ տնօրեն եղած ժամանակ Արթուր Վանեցյանը պաշտոնի է նշանակել մարդու, որը անցել էր նշանակման ենթակա տարիքից:

ԱԱԾ-ը տեսել է պաշտոնեական դիրքի չարաշահում: Վանեցյանն ու փաստաբանները գործը, բնականաբար, գնահատում են արհեստական, շինծու: Հայրենիք կուսակցության ղեկավարը այդտեղ տեսնում է քաղաքական հետապնդում:

Արդյո՞ք Վանեցյանը կառավարող մեծամասնության համար ներկայացնում է քաղաքական լուրջ սպառնալիք, որ նրա հանդեպ լինի հետապնդում եւ ավելորդ աղմուկ, ԱԱԾ նախկին պետին տալով այդպիսի մեղադրանքի կամ ընդդիմախոսության առիթ, կամ այլ կերպ ասած, նրա գլխին դնելով ընդդիմադրի «փշե պսակ»:

Բանն այն է, որ Հայաստանում ինչպես եղել է մինչ հեղափոխությունը, հեղափոխությունից հետո էլ քաղաքական դաշտում գերակշռողը ընդդիմադիր այն տրամաբանությունն է, երբ առավել «արժանավոր եւ արժանահավատ» դիտարկվում է նա, ով հետապնդվում է:

Շատերը թերեւս չեն մոռացել, թե օրինակ ժամանակի ընդդիմություններից մեկն ինչպես էր սահմանել իրական ընդդիմության «չափանիշ»՝ ում համակիրների ճանապարհը մարզերից փակում են հանրահավաքի օրերին, ուրեմն իրական ընդդիմություն է: Այդպես, տվյալ չափանիշ «մշակած» ընդդիմությունը իշխանությանը փաստորեն տվել էր ձեռնածության հիանալի հնարավորություն՝ բացել-փակելու միջոցով:

Բայց, առ այսօր ընդդիմադիր դաշտում ծավալվում է գործնականում այդ տրամաբանությունը, պարզապես այժմ այլ շրջանակում՝ նախկին իշխող համակարգի: Բավականին նկատելի է մեթոդաբանությունը, անկախ խմբերից: Դրա առանցքում նկատելիորեն դրված է «նահատակության» այսպես ասած գաղափարը կամ «ֆիշկան»:

Ահա այդ իմաստով, ստացվում է, որ ԱԱԾ քրեական գործով կամա, թե ակամա այդ «ֆիշկան» շնորհվում է նաեւ Արթուր Վանեցյանին: Ըստ այդմ, ԱԱԾ նախկին պետը թերեւս չպետք է ունենա դժգոհության պատճառ, եթե իհարկե հաստատապես մտել է քաղաքական պայքարի մեջ:

Բանն այն է, որ այդ «ֆիշկայի» շնորհիվ նա ստանում է նախկին իշխող համակարգի այսպես ասած հիբրիդային շրջանակում ընթացող առաջնորդության համար պայքարի մասնակցի էական կարգավիճակ:

Ըստ ամենայնի, Արթուր Վանեցյանն ինքն էլ զգացել է դա, ինչի վկայություն էր հայտարարությունը, որ պատրաստ է հանդիպել բոլորի հետ եւ չի բացառում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումները: Խոշոր հաշվով,

Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի ընթացքում առաջնորդության նրա բաց հայտից հետո, «ֆիշկան» ստացավ եւ առաջնորդության իր բաց հայտը ներկայացրեց Արթուր Վանեցյանը:

(Visited 923 times, 1 visits today)