Ինչ է հայտնել Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին

Արցախում կադրային նշանակումների շարքում առանձնակի ուշադրության արժանացավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի նշանակումը, հաշվի առնելով այն, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո նա արել էր բավականին էական մի հայտարարություն: Ազատվելով բանտից, որտեղ հայտնվել էր 2017-ի խորհրդարանի ընտրությանը Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքին աջակցելու համար, իհարկե դե յուրե Իգլայի մեղադրանքով, Բաբայանն Արցախի առնչությամբ ծրագրերի մասով հայտարարեց, թե կանի այնպես, ինչպես կորոշի Հայաստանի նոր իշխանությունը:

Հետագայում իհարկե եղան վարքագծային որոշակի վայրիվերումներ, աշխույժ եւ պասիվ շրջաններ: Օրինակ, 2019-ի փետրվարին Բաբայանը հայտարարեց, որ մասնակցելու է նախագահի ընտրությանը: Ընդ որում պարզ չէր, թե դա որքանով է համաձայնեցված Հայաստանի իշխանության հետ: Պարզ չէր նաեւ, թե ում հետ է համաձայնեցված Արցախի հարցում ռուսական գերակայության մանդատի գաղափարը: Բաբայանը որոշակի ժամանակ շրջանառեց այն, բայց հետո կարծես թե հրաժարվեց: Ի՞նչն էր պատճառը, այն, որ գաղափարը չունեցավ հանրային աջակցություն եւ էֆեկտիվությո՞ւն, թե՞ Բաբայանն ակնկալում էր դրա շնորհիվ արձագանք Ռուսաստանից:

Նա հրաժարվե՞լ է այդ գաղափարից, այլապես տարօրինակ կլիներ այդ գաղափարով պաշտոնավարումը Ացախի ԱԽ քարտուղարի պաշտոնում:

Հիշարժան է եւս մեկ հանգամանք: 2019 փետրվարին հայտարարելով Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին, Սամվել Բաբայանը մի շարք հանգամանքների բերումով դիտարկվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածու: Բաբայանը հերքեց դա Ազատություն ռադիոկայանի եթերում, անելով շատ հետաքրքիր մի արտահայտություն: Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանին դեռեւս 2016-ի հուլիսին է մի առանձնազրույցում ասել, թե ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանի մասին:

Բաբայանը չմանրամասնեց, թե հատկապես ինչ է ասել, ու հատկապես երբ: Ի դեպ, 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի հայտնի իրադարձություններն էին: Ընդ որում, հատկանշական է, որ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ՊՊԾ գնդի իրադարձություններին հանրային արձագանքը պետք է զգուշացում լինի իշխանությանը:

Եվ, մյուս հետաքրքիր դրվագը, որ Արցախի նախագահի ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին: Դա հետաքրքիր է այն իրողության ֆոնին, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է:

(Visited 1 920 times, 1 visits today)