Հեչ ձեր մտքով չի՞ անցնում, որ հիմա այդ կենտրոնում գուցե ունքը շինելու տեղ աչքն էլ է հանվում։ Երանի ձեր ինքնավստահությանը, դրա կեսից մեզ էլ տվեք

ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՁԵԶ ԴԻՄՈՂԸ ՀԱՐԳԱՐԺԱՆ ԲԺԻՇԿ ԷՐ
Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում շփվել հասարակության հետ։ Երբեմն չափի՛ց ավելի շատ է սիրում։

Օրինակ՝ արտակարգ դրության պայմաններում էլ է սիրում շփվել, ինչը տարօրինակ է, որովհետեւ հենց ինքն է օրուգիշեր կոչ անում, որ, հասկանալի պատճառով, մարդիկ ինքնամեկուսանան։
Բայց դրա մասին թող մտածի ու թող գնահատական տա պարետ Ավինյանը։
Ինձ այլ բան է հետաքրքրում։

Սուպերմարկետում պարոն վարչապետին դիմեց նաեւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժշկական սպասարկման բաժնի վարիչ (ցավոք, արդեն նախկին), բժիշկ մաշկավեներոլոգ Արշակ Ասմարյանը։
Տպավորությունը ահավոր տխուր էր։ Շատ մեղմ ասած։

Արդեն առիթ ունեցել եմ գրելու այս կենտրոնի մասին, չեմ թաքցրել տարակուսանքս, թե ինչու որոշվեց կենտրոնը միացնել ինֆեկցիոն հիվանդանոցին՝ առանց կենտրոնի աշխատակիցների հետ քննարկելու, ինչու՛ ամեն ինչ արվեց այդքան վիրավորական ձեւով, երբ, ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, այդ կենտրոնի աշխատակիցներն արժանի են միմիայն հարգանքի ու այդ հարգանքը վաստակել են իրենց նվիրված աշխատանքով, ինչի վկայությունը հենց ինքը՝ հիանալի մասնագետներով եւ հոյակապ բուժսարքավորումներով հագեցած կենտրոնն է։

Միացնում եք, ինչ եք անում, ես չգիտեմ. ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ՞Ր այդ ամենն անել առանց բուժանձնակազմին վիրավորելու։ Հանցախմբի հե՞տ գործ ունեիք, պարոն վարչապետ։
Այդ ի՞նչ ձեւով էիք խոսում հարգարժան բժշկի հետ։

Բա մեռաք կոչ անելով, որ բուժաշխատողների նկատմամբ հոգատար լինենք, սիրենք ու փայփայենք։ Հատուկ ցուցա՞կ կա, որոնց նկատմամբ պետք է հոգատար լինենք, մի ուրիշ ցուցակ էլ կա, որոնց պետք է քացու տա՞կ գցել։
Ի՞նչ էր ասում Արշակ Ասմարյանը։ Ընդամենը խնդրում էր, որ իրենց կարծիքն էլ լսեք։ Էդ ո՞նց պատահեց, որ ու՛մ հետ ասեք՝ հանդիպում եք, ում հետ ասեք՝ ջանուջիգյար եք անում, իսկ ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժանձնակազմի հետ այդպես էլ հնար չգտաք հանդիպելու։

Լսեք էդ հարգարժան մարդկանց, չեք ուզում՝ մի ընդունեք իրենց հիմնավորումները, մնացեք էդպես «անբեկանելի», բայց լսե՛ք էդ մարդկանց, էդ ի՞նչ կանխակալ վերաբերմունք է, եւ ինչու՞։ Ինչո՞վ են արժանացել այդ մարդիկ նման վերաբերմունքի։
Հեչ ձեր մտքով չի՞ անցնում, որ գուցե ձեր եւ առողջապահության նախարարի ականջին ինչ-որ բան են շշնջացել, որը գուցե էնքան էլ էնպես չէ, ինչքան որ ձեզ է թվում։

Հեչ չե՞ք կասկածում, որ հիմա այդ կենտրոնում գուցե ունքը շինելու տեղ աչքն էլ է հանվում։
Երանի ձեր ինքնավստահությանը, դրա կեսից մեզ էլ տվեք։((

(Visited 721 times, 1 visits today)