104 բնակարան, 7 միլիոն դոլար ․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բնակելի շենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Շենգավիթ համայնքում «Գրանդ Հոլդինգ» ընկերության կողմից կառուցված բնակելի շենքի բացման արարողությանը: Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի»-ի կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:

http://armtimes.com

(Visited 87 times, 1 visits today)