«Իմ կողքին կլինի այն տղամարդը, որը կստիպի յուրահատուկ զգալ ինձ»․ Ժաննա Վելիցյանը` մոդելինգով զբաղվելու, ստեղծագործելու և իր անձնականի մասին

Հեռուստասերիալներից հայտնի դերասանուհիներին հեռուստադիտողները ճանաչում են ըստ իրենց մարմնավորած կերպարների ու սոցցանցերում արված հրապարակումների։ Թե ինչ հետաքրքրություններ, հոբբիներ ու այլ զբաղվածություն ունեն նրանք, հաճախ փակ է մնում։

Քչերը գիտեն, որ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից հայտնի Ժաննա Վելիցյանը մասնակցում է նաև նորաձևության ցուցադրությունների, ստեղծագործում է և շատ է սիրում ընթերցել։

Tert.am Life-ն այս անգամ բացահայտել է Ժաննային։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դերասան լինելն իր համար մասնագիտություն է, մոդելինգը՝ հոբբի։

«Մոդելային կյանքի ու առօրյայի հանդեպ պակաս հետաքրքրություն չունեմ։ Եթե ժամանակս ներում է, ցուցադրությունների եմ մասնակցում, շատ ֆոտոշարքեր եմ ունենում և ակտիվ հետևում մոդելներին»,- ասաց նա։

Ժաննայի սոցցանցային էջերում հաճախ հանդիպում է ոչ միայն դեղին գույնը, այլև տարբեր գրքերի հետ արված լուսանկարներ։ Ասում է` սիրում է ընթերցել։

«Սիրում եմ կարդալ։ Շա՜տ։ Մինչև ինստիտուտ ընդունվելը կարդում էի հիմնականում հայ գրականություն։ Սովորելու տարիներին և հիմա կարդում եմ ամեն ինչ»,- նշեց Ժաննան՝ հավելելով, որ բացի կարդալը նաև  ստեղծագործում է, ավելին, ուսանողական տարիներին դասախոսներից մեկը նրան առաջարկել է դերասանական բաժնից տեղափոխվել  սցենարիստական։

«Ստեղծագործել սիրում եմ, բայց ինքս ինձ համար։ Առաջին կուրսում շարադրություն էի գրել «Բանալին» վերնագրով, դասախոսս այնքան էր հավանել, որ մինչև հիմա, երբ ինձ տեսնում է, ասում է` այդպես էլ բաժինդ չփոխեցիր սցենարիստական»,- ժպիտով ասաց Ժաննան։

Հեռուստատեսային կարիերա սկսել դերասանուհին չի շտապել։ Առաջին քայլերն արել է թատրոնում՝ հիմա ևս համատեղում է աշխատանքը հեռուստատեսությունում ու թատրոնում։ Առայժմ հաջողվում է։ Դերասանուհին կարծում է` ոլորտներից միայն մեկն ընտրելու կարիք չի ունենա։ «Դրանք չափազանց տարբեր էմոցիոնալ «հարթակներ» են։

Բեմի տված էմոցիոնալ դաշտը չի կարելի համեմատել կամ փոխել այլ բանով։ Բեմում ես ապրում եմ։ Բեմում ես ազատ եմ։ Տեսախցիկը չունի էմոցիոնալ դաշտ։ Դերասանն է իր խաղով ու էներգիայով լցնում այն»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը դիտում է իր մասնակցությամբ հեռուստասերիալն ու հետևում է իր խաղին։

Չնայած նկարահանումները դերասանուհուց խլում են շատ ժամանակ, հասցնում է համատեղել գրեթե ամեն ինչ։ Ըստ նրա` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրով է անում գործը։ Ժաննան սիրում է օրը նախապես ծրագրել, այլապես, կարող է մի շարք բաներ մոռանալ, արդյունքում խառնաշփոթ ստեղծվի։

«Էլենի օրագիրը» հեռուստասերիալում Ժաննան մարմնավորել է հեռուստատեսային իր առաջին դերը։ Էկրանին հայտնվելը բերում է կյանքի մի որոշ հատված հանրային դարձնելու խնդիր, սակայն Ժաննան որևէ անջրպետ հաղթահարելու խնդիր դեռ չի ունեցել։ Վստահ է, եթե ցանկություն չունենա որևէ բան հանրային դարձնելու, ուղղակի դրա մասին չի խոսի․ «Ըստ իս` դժվարություն չկա։ Դեռ էդպես եմ կարծում, հետո գուցե շատ բան փոխվի»։

Ստեղծագործական կյանքից անցնելով անձնականին, որը հանրայնացնելու հանգամանքը շատ հայտնիների է անհանգաստանում` Ժաննան հանգիստ է խոսում, բայց ապառնի ժամանակով։ «Իմ կողքին կլինի այն  տղամարդը, որը միշտ կստիպի յուրահատուկ զգալ ինձ,- ասաց դերասանուհին ու ժպիտով շարունակեց,- Իդեալական տղամա՞րդ։ Նման բան գոյություն ունի և ես տեղյակ չե՞մ։) Ինձ թվում է` այդ արտահայտությունը գոյություն ունի միայն որպես գեղեցիկ բառախաղ։ Ամեն ինչ կախված է մեկը մյուսին ընկալելուց»։

Եթե շատերն իրենց զգեստապահարանը բացում ու ընտրություն են անում ըստ տրամադրության, Ժաննան նշեց, որ իր զգեստապահարանը գունեղ է, հագուստն ընտրում է հաշվի առնելով եղանակային պայմանները։ «Եթե եղանակը լավն է, արևոտ, լուքերը հետաքրքիր են ստացվում, եթե վատ եղանակ է, հագնվում եմ, որովհետև այլ տարբերակ չունեմ:)»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կարծում է՝ ավելի լավ է լինել հետաքրքիր, քան նորաձև։

Զառա Ղազարյան

(Visited 180 times, 1 visits today)