Լարված վիճակ Օպերայի հարակից տարածքում. Քաշքշուկ ոստիկանների ու ցուցարարների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օպերայի հարակից տարածքում գտնվող սրճարանների քանդման դեմ պայքարողները փակել են Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։

Ցուցարարներից ոմանք պառկել են գետնին` ի նշան բողոքի։ Ոստիկանները փորձում են ազատել փողոցն ու վերականգնել երթևեկությունը։

Ցուցարարները վանկարկում են. «Ամոթ, ոստիկան», «Թողեք աշխատենք»։

Ոստիկանությունն այս պահին արդեն 5 ցուցարարի է բերման ենթարկել Մաշտոց–Թումանյան խաչմերուկից։

Ցուցարարները հանդիպում են պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Պահանջում են, որ նա գա ու իրենց պարզաբանում ներկայացնի, թե ինչու են որոշել քանդել իրենց աշխատավայր–սրճարանները։

Բողոքի ակցիան օպերայի հարակից տարածքում մեկնարկել էր դեռ մարտի 13-ին, երբ քաղաքապետարանը սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Տասնյակ մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում՝  պահանջելով  դադարեցնել ապամոնտաժումը։ Նրանք հայտարարում էին, որ գումար են ներդրել, բարեկարգել և կառուցապատել տարածքը, իսկ ապամոնտաժումը նրանց ֆինանսական վնասներ կհասցնի։ Բացի այդ, մեծ մասը  գործազուրկ կդառնա։

Երեկոյան 18։00 բողոքի ակցիայի ներկայացուցիչները հրավիրվել էին Երևանի քաղաքապետարան, որտեղ նրանց հետ հանդիպել էին քաղաքապետարանի աշխատակիցները։ Երևանի քաղաքապետը քննարկումներին չէր մասնակցել։

Հանդիպման ընթացքում քաղաքային իշխանության ներկայացուցիչները սրճարանների աշխատակիցներին խոստացել էին, որ գիշերը ծածուկ  չեն ապամոնտաժելու շինությունները։

Այդուհանդերձ, սրճարանների աշխատակիցները հանդիպումից դժգոհ էին մնացել։

(Visited 29 times, 1 visits today)