Բողոքի ակցիա Արմավիր մարզի Զարթոնք գյուղում:

Երեկ Արմավիր մարզի Զարթոնք գյուղում բողոքի ակցիա տեղի ունեցավ: Բնակիչները պահանջում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը՝ դա պատճառաբանելով նրանով, որ գյուղը գտնվում է անմխիթար վիճակում, սարքված չեն գյուղի փողոցները, մանկապարտեզը երկար տարիներ է` չի գործում, դպրոցը անմխիթար վիճակում է:

Բնակիչների խոսքով` իրենք անգամ մեկ գոմի դուռ չեն կարողանում փոխել, իսկ գյուղապետը 30 հատ տուն է կառուցել: Իսկապես գյուղի խղճուկ տների կողքին վեր էին խոյանում գյուղապետի եւ վերջինիս եղբոր շքեղ դղյակները: Բնակիչներն ասում են՝ տարիներ շարունակ գյուղում ապօրինություններ են տեղի ունեցել, իրենք էլ վախեցել են բարձրաձայնել այդ մասին, որովհետեւ բարձրաձայնելու դեպքում ահաբեկվել են գյուղապետի եւ իր շրջապատի կողմից:

Գյուղացիների ձեռքին են հայտնվել փաստաթղղթեր, որտեղ գրված են, թե տարիների ընթացքում ինչքան գումարներ են դուրս գրվել ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, սակայն դրանք պարզապես մնացել են թղթի վրա: Ցուցարարներից Սուրեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցով խոսել են Արմավիրի փոխմարզպետի հետ եւ իրեն պետք է ներկայացնեն այդ փաստաթղթերը, որոնք էլ կենթարկվեն համապատասխան ուսումնասիրության:

Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզը խորհրդարանում ունի 7 պատգամավոր, եւ նրանցից եւ ոչ մեկը երեկ տեղի ունեցած ցույցերին, որի ժամանակ կրքերը թեժանում էին, որեւէ արձագանք չտվեց: «Իմ քայլը» խմբակցությունից Արմավիր մարզի պատգամավորներն են Թագուհի Ղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում Արմավիրի մարզն ունի երկու պատգամավոր` Քաջիկ Գեւորգյանը եւ Արայիկ Աղաբաբյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» ունի մեկ պատգամավոր` Էդվարդ Անդրեասյանը: Հանուն արդարության նշենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը այս առումով ինչ-որ ակտիվություն ցուցաբերում է: Վերջինս, օրինակ, օրեր առաջ գնացել էր գյուղ Գրիբայեդով այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չի եղել տեղի ունեցածից, իրեն բնակիչները չեն դիմել հանդիպման պահանջով: Պատգամավորը նշեց, որ կփորձի ծանոթանալ խնդրին, սակայն, իր կարծիքով, դա ավելի շատ մարզպետարանի գործառույթների մեջ է մտնում:

Լուսինե Մինասյան

(Visited 28 times, 1 visits today)