Նախագահին շատ վաղուց գիտեմ՝ նա հայ մարդ է, նվիրյալ, նույնը՝ Նիկոլ Փաշինյանը. երբևիցե այդպիսի քայլի չի գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

– Պարոն Մարգարյան, Մարտի 1-ի  գործը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում և նաև՝ նախկին ու ներկա իշխանությունների տեղեկատվական պատերազմի պատճառ  է դարձել։

Վերջերս  բանտախցից հարցազրույց էր տվել Ռոբերտ Քոչարյանը, մեղադրանքներ հղել ներկա իշխանությունների հասցեին՝ այդ թվում իբրև թե Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվելու համար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, ո՞ւր է տանում այս իրավիճակը։

– Որքանով ես տեղյակ եմ՝ գործն ավարտվել և ուղարկվել է դատարան, դատարանը կորոշի նրա անմեղության կամ մեղավորության չափը։ Նախաքննության մարմինը, հատուկ հարցերով քննիչն ու խումբը, որ աշխատել ու նյութեր են ստեղծել, իրավաբաններ են և չէին կարող առաստաղից գործեր սարքել։ Դա մեր խումբ կոչեցյալի հետ կապված դեպքը չէ, դա պաշտպանության նախկին նախարարի և էլի մի շարք կարևոր պաշտոններ զբաղեցրած մարդկանց մասին է, նրանց նկատմամբ չէին կարող շինծու գործեր սարքել։

Գործը դատարանում է, դատարանը կլսի, և ես համոզված եմ՝ անկախ այն հանգամանքից, որ դատաիրավական համակարգում անցումային փուլ չի եղել, ինչը շատ ցանկալի կլիներ, այնուամենայնիվ արդարության հասնել կլինի։ Մեր հանրապետությունում դատաիրավական համակարգը իշխանության գործադիր և օրենսդիր մարմինների նման պետք է մաքրվի, դա բավականին բարդ գործընթաց է, բայց ես համոզված եմ, որ դատավորների մեծ մասը զուսպ են, զգում են վտանգը չարաշահումների, պատվերների, օրենքները շրջանցելու դեպքում։ Նրանք հիմա սպասողական փուլում են, և այս պայմաններում ես կարծում եմ, որ  հիմնավոր ու արդարացի լուծումներ կլինեն։

Ես արդեն ձանձրանում եմ ինտերնետում ողողված այդ հերյուրանքներն ընթերցելով։ Իմ մոտեցումը հետևյալն է. դա նախկին ռեժիմի առանձին  «գործիչների» աշխատանքի արդյունք է, ուզում են խոչընդոտել այն դրական գործընթացները, որ սկսվել են երկրում։ Դրանք են՝ արդարացի ընտրություններ, որը ապացուցվեց՝ բացակայում են ընտրակեղծիքը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, բացակայում են դպրոցների, բուհերի հանձնարարականները։

Թե ովքեր են ընտրվել՝ հարցի երկրորդ մասն է, բայց  ընտրություն կատարվել է, և աշխարհին ապացուցվեց, որ Հայաստանում հնարավոր է  արդար ընտրություններ անցկացնել։ Երկրորդ՝  մոնոպոլիան կաշկանդված է և արգելք չի կարող հանդիսանալ միջին ու մանր բիզնեսի զարգացմանը. դա  փաստ է։ Ոչ թե էմոցիոնալ գնահատականներ տանք, այլ վերցնենք փաստերը։ Յուրաքանչյուր հայ մարդ, ով ի վիճակի է կամ ում պետությունը պարտավոր է  օգնել, որոշակի գումարներ տրամադրել, հարկերից ազատել, օգնել, որ կայանա միջին ու մանր բիզնեսը՝ դա հարցի մի կողմն է, բայց ազատ է ընտրության ու գործունեության շրջանակներում։

Նախկինում պետք էր ստանալ «դաբրոներ» չինովնիկների, բարեկամների, եղբայրների, եթե ոչ՝ ուժայինների կողմից, իսկ ստանալուց հետո նրանք պետք է մաս կազմեին։ Ես, որպես հայ մարդ, սա շատ կարևոր եմ համարում։ Բարոյապես ես բավարարված եմ, որովհետև գործընթացը ճիշտ ճանապարհով է գնում։ Մարդիկ սպասում են, որ տասնյակ նախկին չինովնիկներ պատասխան տան՝ ինչպես, օրինակ, այն, որ օրերս կալանավորվեց առողջապահության նախկին փոխնախարարը։ Ես համոզված եմ, որ բազմաթիվ այդպիսի կալանքներ են լինելու չարաշահումների ու հափշտակությունների գործերով։

Սրանից վախեցած ու կաշկանդված լինելով՝ նրանք  փորձելու են չեղած ինչ-որ բաներ կպցնել՝ լինի դա գործադիր մարմնի, թե խորհրդարանի վրա։ Ես  շատ լավ գիտեմ Սորոսի գործունեության, աշխարհի մասշտաբով նրա խոշորածավալ բիզնեսի մասին, հիմա դա է կապիտալի նրա մոտեցումը։ Նրանք ամեն տեղ աշխատում են մխրճվել ու ունենալ իրենց օգուտը։ Եթե անգամ փորձեր են  արվել, կան այդպիսի խմբեր, կառույցներ, ապա չպետք է թույլ տալ, որ նրանք հակապետական, հակաժողովրդական քայլերի դիմեն, պետք է զսպաշապիկ հագցնել ու ասել՝ սա է ձեր տեղը։ Մենք հայ ենք, ուզում ենք ապրել հայավարի՝ մեր սովորույթներով, մեր մշակույթով, մեր անցյալով, ներկայով ու ապագայով։

Անցնելով շատ կարևոր և ինձ մտահոգող հարցի՝ ուզում եմ ասել, որ մենք երբևիցե չենք զիջի, չկան գրավյալ տարածքներ, չկա Արցախի վաղվա օրը Ադրբեջանի կազմում լինելու հնարավորություն։ Այդ բռնապետության տարածքում ո՛չ Արցախը, ոչ էլ ազատագրված որևէ տարածք չպետք է լինի։

– Ինչո՞ւ են նախկին իշխանությունները և նրանց համակիրներն ընտրել պայքարի այդ մեթոդը՝ անընդհատ Փաշինյանի թիմին մեղադրել հող հանձնելու պատրաստակամության մեջ ու  անընդհատ ժողովրդին մոլորեցնել նման կերպ։

– Դա հերյուրանք է, չի կարող գործող իշխանությունը՝ վարչապետը, նախագահը, հող հանձնել։ Ես նախագահին շատ վաղուց գիտեմ՝ նա հայ մարդ է, նվիրյալ, նույնը՝ Նիկոլ Փաշինյանը. երբևիցե այդպիսի քայլի չի գնա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի համախոհները, իր դեղին մամուլը, որ այսպես շարունակ տարածքներ հանձնելու  թեզ են քաշում՝ հերյուրանք են տարածում.

Նիկոլ Փաշինյանը վերջերս էլ Եվրոպայում հայտարարեց, որ Արցախի ներկայությունը, Արցախի ընտրված նախագահը և պետական գործիչները պետք է լինեն բանակցային  կողմի մասնակից։ Երբ այս կարևոր հարցերը թողնում են ու  ընկնում բառերի ու բառակապակցությունների հետևից կամ միջանցքներում խոսակցությունների հետևից՝ ես դա չեմ ընդունում, պետք է մի փոքր պետական ու ազգային մտածելակերպ ունենալ։

– Իսկ  իշխանություններն այս պրոպագանդայից մտահոգվելու առիթ ունե՞ն։

– Ես համոզված եմ՝ ժողովուրդն է  ձևավորել  այս իշխանությունը, և ժողովուրդը իմաստուն է, ու ցանկացած պարագայում ինքը կորոշի՝ ինչ անել։

1in.am

(Visited 75 times, 1 visits today)