Աշխարհում առաջին կին դեսպանը հայուհի էր. Դիանա Հովհաննեսի Աբգար (Աբգարյան). Լուսանկարներ

Դիանա Հովհաննեսի Աբգար  (Աբգարյան) (օրիորդական՝ Անահիտ Աղաբեկ (Աղաբեկյան) -հայ գրող, հրապարակախոս, դիվանագետ։ Հայաստանի առաջին դեսպանը Ճապոնիայում։ Լինելով դիվանագիտական ներկայացուցիչ և հայաստանի գլխավոր հյուպատոսը  1920 թվականի հուլիսի  21-ին՝ նա դարձել է աշխարհում առաջին կին դեսպանը։

Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արևելյան Հնդկաստանի բրիտանական գաղութ Բիրմայի մայրաքաղաք Ռանգունում (այժմ` Յանգոն), բարեկեցիկ ընտանիքում: Դիանան եղել է ընտանիքի ամենափոքր՝ յոթերորդ երեխան։ Ընտանիքի Կալկաթա տեղափոխվելուց հետո աղջկան ուսման են տալիս հոգևոր ճեմարան, որտեղ նա սովորում է անգլերեն և ուսումնասիրում սանսկրիտ, իսկ տանը սկսում է հայերեն սովորել։ 1889 թվականի հունիսի 18-ին Հոնգկոնգում Դիանա Աղաբեկը ամուսնանում է վաճառական Միքայել Աբգարի  (Աբգարյան) հետ, ում ընտանիքը ևս արտագաղթել էր Պարսկաստանից Հնդկաստան։

Նրա նախնիներից մեկը՝ Հարություն Աբգարը,  1819 թվականին հիմնադրել է  «Աբգար առևտրային ընկերությունը» սկզբում Բոմբեյում, այնուհետև՝ Կալկաթայում։ Ընկերությունը զբացվում էր բրնձի ներկրմամբ և արտահանմամբ դեպի Սինգապուր և Փենջաբ։ Ամուսնությունից հետո երիտասարդ ընտանիքը հաստատվում է Ճապոնիայում՝ նավահանգստային Կոբե քաղաքում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։

Այնտեղ նրանք հիմնադրում են ընկերություն, որը զբաղվում է ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ, ինչպես նաև՝ բացում են  «Մեծ Արևելյան հյուրանոց»։ Ճապոնիայում եղած ժամանակ Դիանա Աբգարը իր մեջ բացահայտում է վեպեր գրելու տաղանդը։ 1882 թվականին հրապարակվում է նրա առաջին վեպը՝   «Սյուզան», իսկ մի քանի տարի անց՝ «Պատմություններ հայրենիքից» վեպը՝ ճապոնական ազգի կյանքի նկարագրություններով։ Այստեղ նա ունենում է հինգ երեխա, որոնցից երկուսը մահանում են վաղ հասակում։

1906 թվականին ամուսնու հանկարծակի մահից հետո Դիանան շարունակում է իր գործունեությունը գրական ոլորտում՝ միևնույն ժամանակ, մինչև որդու չափահաս դառնալը, զբաղվելով նաև ընկերության գործերով։ Որոշ ժամանակ անց Դիանան երեխաների հետ տեղափոխվում է Ճապոնիայի ամենաբանուկ նավահանգստային քաղաքը՝ Յոկոգամու, որը Տոկիոյից 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ նրանք բացում են մեծ առևտրային տուն, որը առևտուր էր իրականացնում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում Դիանա Աբգարը հանդես  է գալիս հայ ժողովրդի մասին դասախոսություններով, գրում հոդվածներ, համագործակցում անգլալեզու   «Ջափան գազետ» և  «Հեռավոր Արևելք» պարբերականների հետ։ Նա առաջիններից մեկն էր, որ վսհատորեն ցույց տվեց, Ադանայում ջարդերը կազմակերպվել և իրականացվել են սահմանադրական կառավարության կողմից։ Նա առաջիններից մեկն էր, ով ապացուցեց, որ Ադանայի ջարդերը կազմակերպված և իրագործված են եղել սահմանադրական կառավարության կողմից։

Որպեսզի համաշխարհային գիտակցությանը բարձրացնի, ընդգծելով հայ ազգին փրկելու Արևմուտքի պարտականությունները, Դիանա Աբգարը գրել է հայերի անտանելի պայմանների մասին Օսմանյան կայսրությունում։ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում, շնորհիվ «Ջապան թերթի», լույս է տեսնում Դիանա Աբգարի ևս 8 վեպեր անգլերեն լեզվով, որոնց թվում էին․  «Ճշմարտությունը հայերի ջարդի մասին» (1910), «Հայկական հարց», «Հայաստան, որին դավաճանեցին» (1910), «Իրենց անունով» (1911), «Աշխարհը Եվրոպայում», «Աշխարհի խնդիրը» (1912), «Խաղաղություն և ոչ խաղաղություն»(1912), «Մեծ չարիք» (1914)։

Այդ աշխատանքները բարձր գնահատականի արժանացան ամերիկյան ԶԼՄ-ների կողմից։ Ավելի ուշ նա հրապարակեց մի քանի հոդվածներ, որոնց թվում ուշադրության է արժանանում այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են «Սարսափելի անեծք», «Կայսերական Եվրոպայի հիմարությունների մասին» և «Խաչված Հայաստան»։ Նա աշխարհի  բազմաթիվ քաղաքական և հոգևոր գործիչների հետ նամակագրական կապի մեջ է եղել։ Դիանա Աբգարը եղել է միակ հայ կինը , ով լիովին տիրապետել է միջազգային իրավիճակին։ Նա նաև կատարել է ժամանակի հանրահայտ «Թայմս», «Ֆիգարո» և այլ թերթերի ու ամսագրերի պատվերները` գրելով հոդվածներ Արեւելքի երկրների տնտեսության վերաբերյալ:

Բացի հայերենից ու անգլերենից Դիանան տիրապետել է նաև հնդկերենին, ճապոներենին ու չինարենին: Դիանան նաև բանաստեղծություններ է գրել, որոնք լույս են տեսել եվրոպական ու ամերիկյան մամուլում: Նրա վերջին գործը եղել է «From the Book of One Thousand Tales», «Stories of Armenia and its People»-«Հազար պատմվածքների գրքից», «Հայաստանի ու նրա մարդկանց պատմությունները» պատմվածքների ժողովածուն, որը 2004-ին ԱՄՆ-ում հրատարակել է նրա թոռնուհին` Լուսիլ Աբգարը: Ճիշտ է, դրանք գեղարվեստական գրվածքներ են, սակայն բոլորն էլ իրական հիմք ունեն և ներկայացնում են հայ ժողովրդի կյանքն իր հայրենիքում:

Աբգարը դրանք լսել և գրի է առել Ճապոնիա հասած հայ փախստականներից: Դիանան ցանկանում էր, որ ԱՄՆ-ը խնամակալ պետություն դառնա Հայաստանի համար, որը նույպես, ինչպես գիտենք, տեղի չունեցավ: Արդյունքում կատարվեց ամենաահավորը. Դիանայի հայրենակիցները, հայ ժողովրդի ստվար զանգվածը զոհ գնաց թուրքական յաթաղանին: Հենց այդ ժամանակ իր կրթությամբ, հարստությամբ ու հայրենասիրությամբ մեծ համբավ ու հեղինակություն վայելող Դիանան դրսևորեց իր մեծ սերն ու հարգանքը հայ ժողովրդի հանդեպ: Նա փորձում էր ամեն կերպով օգտակար լինել ազգակիցներին ու Հայաստանին, որտեղ, ի դեպ, երբեք չէր եղել: Եվ դա նրան հաջողվեց: Դիանան կարողացավ օգնել բազմաթիվ հայ գաղթականների, ովքեր Սիբիրի և  Ճապոնիայի վրայով փորձում էին անցնել ԱՄՆ:

Ասում են, որ Ճապոնիայում միշտ էլ հայերի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք են ունեցել եւ անժխտելի է Դիանա Աբգարի մեծ ավանդը հայ-ճապոնական բարիդրացիական հարաբերությունների կայացման գործում: Թողնելով իր աշխատանքը` Դիանան անձամբ է գնացել ճապոնական իշխանությունների եւ հյուպատոսների մոտ` փախստական հայերի փաստաթղթերի խնդիրները կարգավորելու եւ նրանց ճանապարհորդությունը դյուրացնելու համար: Նա իր առևտրական գործակալությունը օգտագործել է որպես հայ գաղթականների դիվանագիտական առաքելության գրասենյակ, իսկ իր տունը` նրանց ժամանակավոր ապաստարան:

Նա, շնորհիվ իր լեզվագիտության և  մտավոր ընդունակությունների, կարողացել է ապրուստի միջոց ստեղծել և հասարակության մեջ աչքի ընկնող դիրք գրավել: Նա Հեռավոր Արևելքի տիրուհին էր, ում դիմում են  ամենքը: Երկրաշարժի ժամանակ, երբ հրո ճարակ դարձած Յոկոհամա քաղաքը կործանվում է, և կոտորվում է հարյուր հազարավոր ազգաբնակչություն, տիկին Աբգարյանն իր ընտանիքով փրկվում է Աստծո նախախնամությամբ, բայց կորցնում է իր ամբողջ ունեցվածքն ու միանգամայն ընչազուրկ վերադառնում Կոբե: 1919 թվականին Դիանան մասնակցել է Խարբինում (Չինաստան) կայացած Սիբիրի և Ծայրագույն Արևելքի հայերի համաժողովին, որտեղ նրան ընտրել են պատվավոր նախագահ:

1920 թվականի հուլիսի 2-ին Դիանա Աբգարը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Ծայրագույն Արևելքում, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ճապոնիայում: Դիանա Աբգարի դեսպան նշանակվելուց հետո Ճապոնիան դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը` հեշտացնելով տիկնոջ մարդասիրական գործունեությունը և փախստականներին տրվող օգնությունը: Նրա հովանավորությունն են վայելել նաև Սինգապուրի և Ինդոնեզիայի հայերը:  Ժամանակիցների վկայությամբ` Դիանա Աբգարը եղել է զարգացած, կրոնասեր, քաղաքականապես տեղեկացված, գթառատ եւ հստակ գործող անձնավորություն:

Նա ունեցել է նաև շատ տպավորիչ արտաքին ու հմայք: Երբ նա մտել է տարբեր դահլիճներ, բոլոր ազգերի դիվանագետները միշտ ոտքի են կանգնել: Ճիշտ է, Դիանա Աբգարի գործունեությունը ոչ միշտ է գնահատվել ճապոնացիների եւ հատկապես հայերի կողմից, բայց Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը, ըստ արժանվույն գնահատելով Աբգարի գործունեությունը, 1926-ին արժանացրել է նրան հատուկ կոնդակի` հայ ժողովրդի շահերին ծառայելու եւ դժվար պահերին նրա կողքին լինելու համար: Դիանա Աղաբեկի Աբգարը մահացավ 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում: Նրա աճյունն ամփոփվեց տեղի օտարերկրացիների գերեզմանատանը` ամուսնու շիրիմի կողքին: Այսօր Աբգարի շիրիմը գտնվում է Տոկիոյում գործող ճապոնա-հայկական բարեկամության խմբի հոգածության տակ:

people.am

(Visited 23 times, 1 visits today)