Սերժի ռեժիմի գարշահոտությունը շարունակվում է. եկած ուժը դեռ պատրաստ չէ իշխանության

Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան, սակայն այն տևեց մեկուկես օր։ Ինչի՞ մասին է սա խոսում «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «Երկրի՝ պրոբլեմներ շատ ունենալու և իշխանության եկած ուժի անպատրաստվածության։

Ընդհանուր առմամբ՝ սա Սերժի ռեժիմի գարշահոտության շարունակությունն է, որովհետև հեղափոխությունը տեղի ունեցավ փոթորիկի արագությամբ, և ռեժիմը փլվեց՝ չհասցրեցին ֆիզիկապես կողմնորոշվել, հակառակ դեպքում նա հաստատ կրակելու էր։

Նրանք մտավոր իմաստով պատրաստ չէին, հոգեբանորեն պատրաստ էին 3000 թիվը կառավարելու։ Ռեժիմը փլվեց, և վարչապետի ղեկավարած խումբը, հավանաբար, իր նախատեսումների մեջ արագ իշխանության անցում չէր նախատեսել, ինչպես շատերը Հայաստանում։

Ես ասել եմ, որ եկած ուժը պատրաստ չէր իշխանության, նա պատրաստ էր լավ ընդդիմություն լինել։ Էս բոլորը բերեց հանգեցրեց դեկտեմբերի ընտրություններին, որի վերաբերյալ ես արտահայտվել եմ․ անթույլատրելի էր։ Կամ մինչև սեպտեմբեր պետք է արվեր, կամ թողնեին ապրիլին»։

Շիրինյանը նաև հավելեց․ «Այսօրվա խորհրդարանը չունի այն պատկերը, որը պետք է Հայաստանին։ Պատգամավորների մեծ մասը ազգային քաղաքական պատմությանը տեղյակ չի, Հայաստանի քաղաքական միտքը չգիտի, չի պատկերացնում իրավական պետություն և այլն։

Ակնհայտ երևում է՝ դրա համար էլ խուսափում են հարցազրույցներ տալուց։ Այս ամենի հետ միասին նրանք նաև հոգեբանորեն են անպատրաստ։ Դրա վառ օրինակն է՝ եթե անպատրաստված լինելը չլիներ, ապա պարգևավճարների զանգվածային կոռուպցիոն դրսևորում չէր լինի։ Իհարկե, դա կոռուպցիոն դրսևորում էր։ Այս բոլորը խոսում է իշխանության որակի մասին։ Դրա համար էլ երկրի բարդագույն վիճակում կարող է քննարկումն անցնել առանց քննարկման և շատ արագ»։

www.1in.am

(Visited 50 times, 1 visits today)