Արդյունաբերություն. Ոլո՞րտ, թե՞ վրեժ

Կառավարության տնտեսական ծրագրի նկատմամբ կասկածներ ունեցող փորձագետների մի մասը մատնանշում է արդյունաբերության նկատմամբ վերաբերմունք-տեսակետի բացակայությունը: Մեր երկրի տնտեսական վիճակագրություն «քչփորողները» գիտեն, որ Հայաստանում քիչ թե շատ բարձր աշխատավարձ կա Սյունիքի մարզում, ուր արդյունաբերական հսկաներ են աշխատում: Բայց մեզանում գերիշխող է նեո-մշակութաբանական այն պատկերացումը, որ արդյունաբերական համակարգերն անցյալ են:

«Պոստինդուստրիալ» ու դրան հաջորդող մոդայիկ տերմինները մշակութաբանությունից ու հարակից ոլորտներից մեր ու մեր կառավարիչների պատկերացումներում ստվերել են տնտեսագիտական նույնքան մոդեռն տեսությունները: Տեսություններ, որ միանշանակ բացառում են տնտեսության (հետևաբար՝ նաև պետության) ոչ միայն զարգացումը, այլև գոյությունը` առանց արդյունաբերական սեփական համակարգի: Դժվար է հիշել, թե մեր որ կառավարությունն է արդյունաբերության ոլորտի նկատմամբ ուղղորդված քաղաքականություն մշակել ու վարել:

Համարյա բոլոր կառավարությունները փորձել են մոդեռն ու ինքնատիպ երևալ: Մեկը երկրի մի քաղաքը համաշխարհային բանկային կենտրոն էր խոստանում դարձնել, մյուսը` մեկ այլ քաղաք «տեխնոպարկ» էր դարձնում, և այդպես շարունակ, երրորդը` տուրիզմի համաշխարհային կենտրոն, և այդպես շարունակ: Այդ ընթացքում երկրի սեփականաշնորհված արդյունաբերական ձեռնարկությունները լուռ ու մունջ վերածվում էին ավերակների: Իսկ գործող արդյունաբերությունը գոյատևում (կամ՝ զարգանում) էր ինքնահոսով:

Վերջին յոթ տարում մեր ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության բաժինը համարյա անփոփոխ է` 16-18 տոկոս: Ընդ որում՝ փոփոխությունն էապես կախված է համաշխարհային շուկայում մեր հանքարդյունաբերության արտադրանքի գնից: Պղինձն ու այլ մետաղները թանկանում են, արդյունաբերության ծավալը մոտենում է 18 տոկոսի: Նվազման դեպքում` դառնում 16 տոկոս:

Օրերս ԱՄՀ-ի պատասխանատուն 2018-ի մեր տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը կապեց համաշխարհային տնտեսության գործընթացների ու մետաղների գների հետ: Ենթատեքստում հարկավոր էր հասկանալ, որ «համաշխարհային տնտեսության գործընթաց» ասածն իրականում քաղաքավարության կանոնների տուրք-տեքստ էր: Իրականում որոշողը լինելու են մեր արտահանած մետաղների գները: ՀՆԱ-ում ներկայության համարյա կայուն ցուցանիշ պահելուց զատ՝ ուսումնասիրողը մեկ այլ փաստ էլ կարձանագրի:

Վերջին տարիներին չի փոխվում մեր արդյունաբերության կառուցվածքը: «Դեժավյու» բառն այդ ուսումնասիրողի վիճակը բնութագրելու համար է հորինվել: Համարյա ամեն տարի նույն թվերն են: Մեր արդյունաբերական համակարգի մոտ 17 տոկոսը կազմում է «հանքագործական արդյունաբերություն» ասվածը: 67 տոկոսը կազմում է մշակող արդյունաբերությունը: 15 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի, գոլորշու, գազի, լավորակ օդի մատակարարումն է: Համեստ մեկ տոկոսը` ջրամատակարարումը, կոյուղու թափոնների կառավարումը:

Կայուն կառուցվածքը հետևանք է այն բանի, որ արդյունաբերության ոլորտում (մոդայիկ բառապաշարով ասած) հեղափոխական մոտեցումներ չեն եղել: Արդյունաբերության զարգացումը (ոչ մոդայիկ ու հին բառապաշարով ասած) մատնվել է ինքնահոսի: Այս պնդման լրացուցիչ փաստարկ կարելի է համարել այն, որ համարյա չի փոփոխվում արդյունաբերական համակարգում աշխատողների թիվը:

Վերջին տարիներին այս ոլորտում աշխատում է 82-84 հազար մարդ: Լրացուցիչ կարելի է նշել, որ այդ թվից 14 հազար մարդ զբաղված է սննդի արտադրություն-վերամշակման ոլորտում: Արդյունաբերության ոլորտը հիմնականում կենտրոնացած է Երևանում (40-41 տոկոս), Սյունիքի մարզում (16.5 տոկոս) և Արարատում (12-13 տոկոս): Այս ցուցանիշն էլ տնտեսության ոլորտի ինքնահոսի թողնված լինելու ապացույց է:

Շիրակի մարզին՝ իր բնակչությամբ երկրորդ քաղաքով, բաժին է ընկնում արդյունաբերության ծավալի ընդամենը 2.5 տոկոսը: Հենց այնպես արձանագրենք, որ ետնապահները Վայոց ձորի մարզը (1 տոկոս) և Տավուշի մարզն են (0.8 տոկոս): Իհարկե, երկար-բարակ կարելի է խոսել թվային տեխնոլոգիաների առաջընթացի ու այլ բաների մասին՝ փորձելով դրանք հակադրել արդյունաբերության հետ:

Իհարկե, կարելի է նաև «արդյունաբերություն» եզր-տերմինը հնոտիք հայտարարել: Իհարկե, կարելի է չիմանալ (կամ՝ չնկատելու տալ), որ գերժամանակակից թվային տեխնոլոգիաներն ու դրանց արտադրությունը զարգանում է բացառապես հզոր արդյունաբերական համակարգեր ունեցող երկրներում (ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան, Հս. Կորեա): Կարելի է, իհարկե, խոսել տնտեսական նոր ծրագրերի մասին:

Խոսել տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին: Խոսել, խոսել, խոսել: Բայց այդ մեկը` արդեն առանց ժամանակակից տնտեսագիտության, որ երբեք չի վերանայում իր պնդումը պետության գոյության ու զարգացման գործում արդյունաբերության դերի մասին:
Հեղինակի բոլոր նյութերը

(Visited 33 times, 1 visits today)