Մարտի 1-ը եղբայրասպանության զարհուրելի դեպք է, որի թողած հետքը մշտապես ուղեկցելու է բոլորիս։

Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ։ Անմեղ քաղաքացիներ, ովքեր մասնակցում էին իրենց հիմնարար իրավունքների խախտման պատճառով կազմակերպված բողոքի ակցիային։

Պետությունը բռնազավթած վարչախումբը՝ ուժային բոլոր կառույցների՝ բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաև քրեական տարրերի ներգրավմամբ, գնդակահարեց սեփական քաղաքացիներին։ Մարտի 1-ը եղբայրասպանության զարհուրելի դեպք է, որի թողած հետքը մշտապես ուղեկցելու է բոլորիս։

Մարտի 1-ի ոճրագործությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կոպտագույն կեղծման հետևանք էր։ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին արտահայտում կեղծված ընտրությունների դեմ, ավելի քան տասն օր բողոքի ակցիաներն անցնում էին միանգամայն խաղաղ և օրինական մթնոլորտում։

Իշխանությունը գիտակցում էր, որ բողոքի խաղաղ ակցիաների շարունակությունը կարող է հանգեցնել իշխանության կորստի և, միջոցների մեջ խտրություն չդնելով, որոշում կայացրեց բռնի ուժ գործադրել անզեն քաղաքացիների նկատմամբ։ Մարտի 1-ի ամենամեծ դասն, այդպիսով, վերաբերում է ընտրական իրավունքին, այդ դասը ցուցանում է, որ ընտրակեղծարարությունը ծանրագույն հանցագործություն է, և որ կեղծված ընտրությունը չի ներվում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Ներկայում Մարտի 1-ի կազմակերպման կամ իրավական ձևակերպմամբ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրված նախկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ուրիշները գործով անցնում են որպես վկա։ Իշխանության պարտականությունն է ապահովել այս գործով օրենքի կատարյալ գերակայությունը, որպեսզի Մարտի 1-ի գործով կայացվելիք դատավճիռները լինեն անխոցելի, վերջնական և ենթակա չլինեն բողոքարկման՝ առնվազն հանրային ընկալման տեսանկյունից։

Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Առանց Մարտի 1-ի կազմակերպված հանցագործությանը ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու մենք չենք կարող առաջ շարժվել։ Մենք պարտավոր ենք կառուցել ու կերտել այնպիսի պետություն ու այնպիսի հասարակություն, որում և որի պայմաններում անվերապահորեն կբացառվի Մարտի 1-ի կրկնությունը։

Հավերժ հիշատակ Մարտի 1-ի զոհերին՝ Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Տիգրան Աբգարյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Սամվել Հարությունյանին, Զաքար Հովհաննիսյանին»։

(Visited 13 times, 1 visits today)