«Լուրջ հարաբերություններ չունեմ».

Բորիս Բաղդասարովը հեռուստադիտողին հայտնի է «Ազիզյանները» սիթքոմում ընտանիքի ավագ որդու՝ Ազատի կերպարով։ Երիտասարդ դերասանը վստահեցնում է` կոլորիտային ու ակտիվ այդ դերն իրականում որևէ ընդհանրություն չունի անհամեմատ ավելի հանգիստ բնավորությամբ Բորիսի հետ։ Չնայած ընդհանրությունների բացակայությանը, Բորիսն ասում է, որ  Ազատի կերպարը ստեղծելն իրենից  շատ ժամանակ ու ջանք չի խլել։

Tert.am Life-ը երիտասարդ դերասանի հետ զրուցել է սիթքոմում հայտնվելու, սցենար գրելու փորձերի, անձնական կայնքի, միայնակ ապրելու դրական ու բացասական կողմերի մասին։

«Ազիզյանները» նախագծում Բորիսը հայտնվել է քասթինգի միջոցով։ Հիշում է, որ ի սկզբանե ինքն էլ չէր պատկերացնում, որ մարմնավորելու է կենտրոնական կերպարներից մեկը։ «Երբ ստացա դերը, չգիտեի ինչ նախագիծ է։ Մտածում էի դերս էպիզոդիկ է լինելու և նկարահանվելու եմ միայն մեկ սերիայում։ Ավելի ուշ իմացա, որ հիմնական կերպար է։

Ռեժիսորի հետ քննարկեցինք ու ըստ նրա խորհուրդների փորձեցի կերտել կերպարը։ Ընդամենը մեկ շաբաթում կարողացա ստանալ այն, ինչ ուզում էր ռեժիսորը,- ասաց Բորիսն անկեղծանալով՝ առաջին եթերաշրջանում կերպարը բավականին սառն էր ստացվել, բայց հետագայում բավականին բացվել է –Ընթացքում ավելացումներ եմ արել կապված դետալների, միմիկաների փոփոխության հետ։ Օրինակ` ծիծաղը, որն Ազատի տեսակին բնորոշ ծիծաղ է»։

Շարունակելով խոսել կերպարի բնավորության մասին` դերասանը նախ ընդգծեց, որ իրենք շատ տարբեր են, ապա ավելացրեց, որ Ազատը հիմնականում դրական է, ինքը  փորձում է դրական լինել, բայց ոչ միշտ է  հաջողվում։

Այսքանն Ազատ Ազիզյանի մասին, անդրադառնանք Բորիս Բաղդասարովին, որը ծննդով Աշխաբադից է՝ դպրոցական տարիներն անցկացրել է և՛ Հայաստանում, և՛ Թուրքմենստանում։ 22–ամյա դերասանը Հայաստան վերադարձել է 18 տարեկանում, Երևանում մենակ է ապրում։

«Շատ վաղուց եմ մենակ ապրում։ Փոքր տարիքից էլ կարողացել եմ միայնակ ապրել։ Մասնագիտական առումով այս հանգամանքը դրական շատ կողմեր ունի։ Փորձեր անելիս, տեքստեր սովորելիս, սցենար գրելիս խանգարող չկա, հեշտ է ստացվում»,- ասաց Բորիսն ու ծիծաղելով ավելացրեց նաև բացասական կողմը` ափսեներ լվալ չի սիրում։ Միայնակ ապրող տղան ընկերուհի էլ չունի։ «Ամուրի եմ, ընկերուհի, լուրջ հարաբերություններ չունեմ»,- անձնական կյանքի մասին հարցին կարճ արձագանքեց նա։

Երիտասարդ դերասանն առայժմ մասնագիտական բարձրագույն կրթություն էլ չի ստացել։ «Հայաստան եմ եկել 18 տարեկանում, դեռ այն ժամանակ այնքան էլ լավ արձագանքներ չլսեցի Թատերական ինստիտուտի մասին և չցանկացա ընդունվել։ Սակայն զբաղվում եմ  ինքնակրթությամբ՝ գրքեր եմ կարդում, թեմատիկ նյութեր ուսումնասիրում։ Հիմա չգիտեմ Թատերականն ինչպիսին է, որովհետև բավականին փոփոխություններ են եղել»,- ասաց  դերասանը։

Արձագանքելով հարցադրմանը` առաջիկայում կգնա՞ մասնագիտական դիպլոմի հետևից, նա պատասխանեց, որ եթե երբևէ որոշի մասնագիտական կրթություն ստանալ, կընտրի արտասահմանյան որևէ ուսումնական հաստատություն և ռեժիսուրայի մասնագիտացումը։

Ռեժիսուրայի ընտրությունը Բորիսի դեպքում պատահական չէ, քանի որ ներկայումս իրեն փորձում է կինոյի մեկ այլ ոլորտում. «Սցենար եմ գրում։ Երբեմն, գրում եմ, երբեմն ոչ։ Կոպիտ ասած, առայժմ բզբզում եմ, բայց իսկապես շատ հետաքրքիր ոլորտ է ինձ համար։ Արդեն ժամանակն է մեզ մոտ՝ Հայաստանում էլ սկսեն ավելի շատ լավ ֆիլմեր նկարահանել, անիմաստ սերիալների վրա գումարներ չծախսեն։ Ապրում ենք 21-րդ դարում և ժամանակն է, որ մենք էլ, օրինակ, ֆանտաստիկ ժանրի ֆիլմ ունենանք»:

«Ազիզյանները» սիթքոմից բացի այլ առաջարկներ, Բորիսի խոսքով, ունեցել է, բայց նախագծերն իրականություն չեն դարձել։ Դերասանն ընդգծեց, որ բաց է համագործակցությունների ու նոր առաջարկների համար, սակայն իրեն միապաղաղ կերպարով չի պատկերացնում։ «Առհասարակ կոլորիտային կերպարներ եմ սիրում՝ դերեր, որտեղ բացվելու հնարավորություն ունես։ Միատոն դերեր չեմ սիրում։ Բացվելու համար ավելի հետաքրքիր են խելագարի, մարդասպանի կամ, օրինակ, ինչ-որ խուզարկուի կերպար»,- ասաց Բորիսը՝ ավելացնելով, որ ունի մասնագիտական երազանք՝ նկարահանվել կենսագրական որևէ ֆիլմում։

Զառա Ղազարյան

(Visited 12 times, 1 visits today)