Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ. վերջինս միայնակ է «առերեսվել». պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերես հարցաքննվել ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ:

Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Թեեւ Քոչարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, սակայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկի համաձայն՝ անձը, որը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձին՝ այս դեպքում Արշակ Կարապետյանին: Ըստ էության, հենց այս որոշման հիման վրա էլ քննիչը առերես հարցաքննություն է կազմակերպել:

«Պարոն Քոչարյանը ցուցմունք չէր տվել եւ ասաց, որ եթե ես ցուցմունք չեմ տվել, իմ իրավունքը ապահովելու համար ինձ մի բերեք առերես հարցաքննության, եւ չգտնվեց այդ գործողության ժամանակ: Այդ գործողությանը գտնվել է միայն Արշակ Կարապետյանը եւ քննիչը. հիմա եթե այդ գործողության ժամանակ Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը կարելի է կոչել առերես հարցաքննություն, ես չգիտեմ էլի, ինչպե՞ս կարող է մարդը միայնակ առերեսվել, համենայնդեպս անունը դրել էին առերես հարցաքննություն, այդ մարդը նստել, միայնակ ինչ-որ բաներ է գրել, հետո քննիչը տակը ստորագրել է»,- մանրամասնեց Հայկ Ալումյանը:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Արշակ Կարապետյանը միայնա՞կ է «առերեսվել», Ալումյանը պատասխանեց. «Արշակ Կարապետյանն առերեսվել է առանց իր հետ առերեսվողի, իր հետ մենակ նստել առերեսվել է: Մենք հումորով ենք վերաբերվում այդ կարգի գործողություններին, շատ սրտին մոտ չենք ընդունում»,- ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատասխաելով լրագրողների հարցին, սույն գործով արդյոք կա՞ն ցուցմունքներ, որոնք ակնհայտ կեղծիք են, կամ ճնշումների արդյունքում են տրվել, Ալումյանը պատասխանել էր, որ կա ցուցմունք, որի մի հատվածը, իրենց գնահատմամբ, իրականությանը չի համապատասխանում: Ըստ Ալումյանի՝ այդ ցուցմունքը հակասության մեջ է գործում առկա շատ ապացույցների հետ: «Ցուցմունք տված անձը այդ ցուցմունքից հետո բավականին լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել, շնորհավորում եմ»,- ասել էր Ալումյանը, սակայն անուն չէր նշել: Այսօր, սակայն, Ալումյանը մեր զրույցում հաստատեց, որ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձը հենց Արշակ Կարապետյանն է:

Վերջինս, հիշեցնենք, 0038 գաղտնի հրամանով Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր: 2008 թվականին պաշտպանության նախարարի 0038 հրամանով նա նշանակվել էր վարչակազմի պետի հատուկ հանձնարարությունների գծով տեղակալ:

http://armtimes.com

(Visited 5 times, 1 visits today)