‹‹Կօօկօօռօօզ›› . Վաչեի խոստացած շատ հետաքրքիր ու ծիծաղելի նոր նախագծի առաջին լուսանկարները

‹‹Կօօկօօռօօզ››. այսպես է կոչվում Վաչե Թովմասյանի ղեկավարած հումորային նոր նախագիծը, որը կլինի Ucom ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի գարնանային եթերաշրջանում: Նախագիծը նոր ձևաչափ է Վաչեի համար, այն լինելու է սքեթչի ձևաչափով։

Tert.am Life-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է առաջին լուսանկարները։  Նախագծի հեղինակ և պրոդյուսեր Վաչե Թովմասյանը պատմել է նոր նախագծի առաջին մանրամասները։

«Երբ Armenia TV-ից ստացանք նոր նախագիծ անելու պատվեր, առաջարկեցինք սքեթչեր նկարահանել։ Այս միտքը վաղուց ունեինք, սակայն այն իրականացնելը շատ ծախսատար ու ժամանակատար էր, անընդհատ հետաձգվում էր։ Հիմա հասունացել է պահը։ Կարծում եմ` հեռուստաշուկայում հումորային նմանատիպ հաղորդաշարերի պակաս է նկատվում։ Նկարահանվել են հումորային սիթքոմներ, սակայն «Վիտամին» ակումբից հետո զուտ հումորային հաղորդում դեռ չի եղել։ Սա նոր ու թարմ նախագիծ է, որն ավելի  թանկ է նկարահանման առումով։ Ըստ իս` հենց դա էր պատճառը, որը որոշ ժամանակ  սքեթչեր չէին նկարահանվում: Մենք համոզված ենք, որ հիմա այսպիսի սքեթչեր նկարահանելու ճիշտ ժամանակն է, որովհետև մարդիկ նախընտրում են հումորային կարճ հոլովակներ դիտել»,- ասաց Վաչեն:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ նկատեց: «Հայերս, անշուշտ, կատակասեր ենք։ Նաև հասկանում ենք, որ յուրաքանչյուր կատակի հիմքում որոշակի լուրջ խնդիր կամ իրավիճակ է, որի լուծումը տրված է հումորային սքետչերի միջոցով։ Վստահ եմ, որ Ucom-ի հեռուստադիտողները կհավանեն այս նախագիծը, որը կարող է դառնալ թևավոր նոր արտահայտությունների աղբյուր։ Հիշեցնեմ, որ նոր եթերաշրջանի բոլոր նախագծերի յուրաքանչյուր հաջորդ մաս հնարավոր է օր առաջ դիտել «Տեսավարձույթ» բաժնում»։

Տպավորվող և ոչ ստանդարտ ձևով  գրվող ‹‹Կօօկօօռօօզ››  անվանումն հետաքրքիր կերպով բացահայտվելու է հենց առաջին սքեթչից: Վաչեն նկատեց, որ օգտագործել են սոցցանցերում թրենդային գրելաոճը, երբ ‹‹ու››-ի փոխարեն երիտասարդներն օգտագործում են ‹‹օօ›› տառակապակցությունը։ «Այս անունը կապված է պոպ-կորնի հետ, քանի որ ժամանցային որևէ բան դիտելիս մարդիկ նախընտրում են պոպ-կորն ուտել: Միաժամանակ, նախագիծն այնքան ստացված ու ծիծաղելի է լինելու, որ կարևոր չէ, թե ինչ անվանում կունենա»,– ասաց պրոդյուսերը։

Սքեթչերի հիմնական դերերը բաշխված են Վաչեի, Վահեի` Բոնիի և Մհերի միջև։ Մյուս դերերը խաղալու են տարբեր դերասաններ, որոնց մեծ մասին լսարանը ճանաչում է «Ոսկե դպրոց» սիթքոմից։ Վաչեն հայտնեց, որ բացի սքեթչերի դերերից, հաղորդաշարում կա նաև ռեալիթի հատված, որտեղ Վաչեն, Մհերը և Բոնին խաղում են իրենք իրենց՝ ցույց տալով իրենց  ներքին խոհանոցը։ Վաչեի համոզմամբ` սա հաստատ դուր կգա հեղուստադիտողին։

Դերասանն առաջին անգամ է աշխատում այս ձևաչափում։ Այս ժանրն ունի իր բարդությունները, որոնցից նա առանձնացնում է ժամանակատարությունը։ «Ի տարբերություն տաղավարային սիթքոմերի, որտեղ լուսավորությունն ու տեսախցիկները արդեն ճիշտ դասավորված են, այստեղ կա տեղի խնդիր։ Նկարահանումներն իրականացվում են տարբեր վայրերում, ինչը շատ ժամանակատար է։ Երբեմն 1 րոպեանոց տեսարան նկարահանելու համար մեզնից մի քանի ժամ է պահանջվում: Մեկ 20-24 րոպեանոց սյուժեի համար կարող է ծախսվել 3-4 օր: Սակայն սա իր առավելությունն էլ ունի. կադրը համեմատաբար ավելի թանկ է և ավելի հագեցած»։

Հեղինակն ասաց, որ ‹‹Կօօկօօռօօզ›› –ը նախատեսված է ավելի հասուն՝ 16+ լսարանի համար։ Այն հումորային ավելի լայն շերտ է ընդգրկում: Թիրախային լսարանը երիտասարդներն ու ավելի հասուն սերունդն են։

Այս նախագծին զուգահեռ Վաչեն այժմ զբաղված է նաև գեղարվեստական ֆիլմի աշխատանքներով, որը նկարահանվելու է ‹‹Ոսկե դպրոց›› սիթքոմի հիման վրա։ Դերասանը կատեց, որ մի քանի ամիս է, ինչ սկսել են ֆիլմի սցենարական աշխատանքները: «Մեր ստեղծագործական թիմին են միացել  նաև Ռոբերտ Մարտիրոսյանը, որը ‹‹Սուպեր մամա›› և ‹‹Սիրո գործակից›› ֆիլմի սցենարիստն է և  հումորիստ Վան Գրիգորյանը: Մեր գերխնդիրն է նկարահանել ֆիլմ կինոյի բոլոր կանոններին համապատասխան։ Սկսած հանդիսատեսի էմոցիաներից՝ ամեն բան հաշվարկված է րոպե առ րոպե: Երբ հետ եմ նայում ու տեսնում եմ, թե ինչ աշխատանք ենք արել, հասկանում եմ, որ սա շատ ուժեղ գործ է դառնալու։ Բավականին ծախսատար և պրոֆեսիոնալ աշխատանք է››,- ասաց Վաչեն ու հավելեց, որ ֆիլմը լսարանի դատին կհանձնեն աշնանը։

 

(Visited 6 times, 1 visits today)