«Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք». Սաթիկ Սեյրանյանը՝ վարչապետի մամուլի քարտուղարին

Հայաստանում մամուլը պետք է ազատ լինի, սա գործող կառավարության հավատամքն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, մամուլի այսօրվա խնդիրների շուրջ հասարակական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հետաքրքրվեց՝ իսկ վարչապետը, որ «Հրապարակի» դեմ ստատուս է գրում, դա ե՞ւս նպաստում է մամուլի ազդեցության մեծացմանը, որին մամուլի խոսնակը պատասխանեց. «Ստատուս կարող է լինել, նա օգտվում է իր ազատ արտահայտվելու իրավունքից, նամանավանդ, որ տեսնում է՝ կարեւոր հարց է, եւ անդրադառնում է այս կարեւոր հարցին»։

Արմինե Օհանյանը հույս հայտնեց, որ մամուլի քարտուղարը ճիշտ խորհուրդներ կտա իր անմիջական ղեկավարին, որին Վլադիմիր Կարապետյանը արձագանքեց. «Եթե հարցնի, կտամ։ Ցանկացած մարդ, վարչապետը նույնպես եթե համարում է, որ հանրային կարեւոր նշանակության հարց է, պետք է անդրադառնալ, ես նորմալ եմ համարում։ Այլ բան է, որ պետք է ուշադիր լինենք, որ եթե որոշակի հետեւանքներ կան, պետք է անպայման անդրադառնանք դրան»։

Վարչապետի մամուլի քարտուղարը կոչ արեց լրատվամիջոցներին լինել հետեւողական, որոնել գործընկերներ նաեւ կառավարության մամուլի ծառայությունում։

Նա նշեց, որ ժողովրդին ֆեյսբուքյան ելույթներով ու կոչերով դիմելու պրակտիկան հետզհետե նվազում է՝ տեղը զիջելով լրատվամիջոցների հետ շփմանը։

Վլադիմիր Կարապետյանը հավելեց, որ նոր իշխանությունների օրոք մամուլը ազատություն է ձեռք բերել եւ կարող է ազատորեն քննադատել իշխանություններին, որին ի պատասխան ՀՀ Ժուռնալիստների միության  նախագահ Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց, որ իրենք նախկինում էլ են ազատ եղել. «Ձեզ Լենին պապիի տեղը մի դրեք, մենք ազատ ենք եղել, բարեբախտաբար, դուք աշխատել եք եւ Ռոբերտ Քոչարւյանի օրոք, եւ հիմա. մենք էլ ենք շատ լավ հիշում»:

Նա նաեւ խնդրեց Վլադիմիր Կարապետյանին պարզաբանել, թե որ լրատվամիջոցին նկատի ուներ, երբ ասում էր, որ լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանությունների ազդեցության տակ են, որին Վլադիմիր Կարապետյանը ուղիղ պատասխան չտվեց, ապա խնդրեց հարցում ուղարկել։

(Visited 2 times, 1 visits today)