Ալեն Սիմոնյանը հասկանում է դաշնակցականներին, բայց հիմնի տեքստի մրցույթ է հայտարարում

Իրեն մեղադրողներին Ալեն Սիմոնյանն ասում է, որ օրհներգը փոխելը կարևորում է, որովհետև ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նոր հիմնի տեքստի մրցույթ է հայտարարել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

«Հայաստանում ավելի կարևոր խնդիրներ, բնական է, կան ու լինելու են միշտ։ Օրհներգի խնդիրն Արցախի, տնտեսական հարցերի, հետհեղափոխական վիճակում կարող է կարևոր չթվալ, բայց ես առաջարկեցի քննարկում, որը ստացվեց»,–ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ նշում է Սիմոնյանը։

Իրեն մեղադրողներին Ալեն Սիմոնյանն ասում է, որ օրհներգը փոխելը կարևորում է, որովհետև ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա։

«Չեմ համարում, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է, մեր հայրենիքը նաև Նախիջևանն է, Արցախն է, Անին, Դվինը և այլն»,–նշում է նա։

ԱԺ փոխխոսնակը ընդգծում է, որ հասկանում է Հայ Հեղափոխական Դաշնակցության դժգոհությունը, ամենաշատը հենց ՀՅԴ–ն քարկոծեց այս նախագիծը` աշխարհի տարբեր կետերից, որովհետև այս օրհներգը նաև կապն է իրենց կուսակցության և Հայաստանի Հանրապետության միջև։

Սպուտնիկ զրույց-Արմեն Գրիգորյան (06.02.19)

«Որևէ մեկին չի անհանգստացնում, որ այն եռագույնը, որի մասին երգվում է օրհներգում, իտալական եռագույնն է, որ այդ օրհներգի մեջ մենք փոխել ենք «թշվառ, անտեր» բառերը։ Այն Գլազունովի բալետից վերցրած մի մաս է, որը Հայաստանի հետ երաժշտական առումով որևէ կապ չունի։

Կան մարդիկ, որոնք ասում են, որ սա սովետական է և ինչ-որ առումով մեսիջ է Ռուսաստանին և պետք չէ փոխել։ Ինչի՞ մենք նման նկրտումներ ունենք։ Այսպիսի նկրտումները միայն ձեր գլխում են։ ՀՀ–ն չի կարող կորցնել իր անկախությունը, դրա մասին խոսելը սխալ է և անընդունելի»,–ասում է Սիմոնյանը և անդրադառնում հիմնի երաժշտությանը շուրջ ծավալված աղմուկին։

«Արամ Խաչատրյանը չի կարող լինել սովետական, այն հայկական է և իր մեջ պարունակում է շարական»։

Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ իր կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի ր տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր ընդունելու և ուսումնասիրելու համար։

Աշխատանքային խմբում ընդգրկված են Տեր Ասողիկ քահանան՝ Մայր Աթոռի կողմից, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Մրցույթի վերջնաժամկետն է մինչև ապրիլի 30-ը, տեքստի տարբերակները երաժշտության հետ համադրված կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, Արամ Խաչատրյանի թանգարան կամ Ալեն Սիմոնյանի գրասենյակ:

Հիշեցնենք, որ 2006 թվականին ստեղծվել էր հանձնաժողով, որը միաձայն քվեարկվել էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը օրհներգի երաժշտության լավագույն տարբերակ:

http://armeniasputnik.am

(Visited 7 times, 1 visits today)