« Որպեսզի չխոչնդոտվեր գործարքը, ես Մայրապետյանի հետ կապի մեջ մտա և փոխանցեցի այդ գումարը․․․». Սիլվա Համբարձումյան

«Ազատություն»-ը «Ֆեյսբուքյան ասուլիս» է անցկացրել  գործարար Սիլվա Համբարձումյանի հետ։

«Ես Մայրապետյանի հետ առերեսվել եմ, և առերեսման ժամանակ նա ընդունել է, որ ես փոխանցել եմ [գումար]»,

– «Ազատության» հետ զրույցում ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը։


«Մարտի 1»-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է ևս մեկը՝ առանձնապես խոշոր չափով կաշառք վերցնելը։

Ըստ Քոչարյանի փաստաբանների՝ մեղադրանքի հիմքում ընկած է գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությունը, որ ինքը Քոչարյանի նախագահության ընթացքում 2 միլիոն դոլարի բանկային փոխանցում է կատարել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դիվելոփերս» ընկերության հաշվեհամարին, որպեսզի վերջինս միջնորդի երկրի ղեկավարությանը չխոչնդոտել իր բիզնեսը։

«Ազատություն». – Տիկին Համբարձումյան, օգտատերերը հիմնականում հարցնում են՝ որտեղի՞ց Ձեզ այդքան գումար։
Սիլվա Համբարձումյան. – Եթե ես ինքս 29 տարի բիզնեսում եմ Հայստանում և արտերկրում, կարծում եմ, բավականին գումար կունենամ։

«Ազատություն». – Փաստորեն Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ևս մեկն է ավելացել՝ կաշառք ստանալը, թեև պաշտպանները նշում են, որ նոր մեղադրանքի հիմքում Ձեր հայտարարությունն է ընկած, բայց այդուհանդերձ անդրադառնանք նրան, որ 2003-2009 թվականներին ամեն դեպքում կաշառք տալը եղել է քրեորեն պատժելի, Դուք ասում եք, որ Դուք ազատվել եք դրանից, որովհետև 2011-ին օրենքը փոխվել է:

Ամեն դեպքում, օգտատերերը հարցնում են՝ Դուք կաշառքը տալիս ընդունո՞ւմ էիք, որ հանցանք եք կատարում։

Համբարձումյան. – Ես նորից կրկնում եմ՝ ես չեմ ունեցել կրիշ, ես ունեցել եմ փող, իսկ Հայաստանի Հանրապետությունում փողով ամեն ինչ կարող եք ձեռք բերել։ Ես էլ, կրիշ չունենալով, օգտագործել եմ էդ մի տարբերակը։ Ես գիտակցել եմ, որ պատժելի արարք է, և հետո տվել եմ հայտարարություն, իսկ 2008 թվականին, երբ որ կաշառք էինք տալիս, ես կարող էի ցանկացած տարիների ընթացքում դա հայտարարեի և 15 թվականին հայտարարել եմ դա։

«Ազատություն». – Մայրապետյանի հետ առերեսվե՞լ եք

Համբարձումյան. Այո, ես Մայրապետյանի հետ առերեսվել եմ և առերեսման ժամանակ նա ընդունել է, որ ես փոխանցել եմ, բայց չգիտի՝ ինչի համար եմ փոխանցել։

«Ազատություն». – Եթե գումարը չտայիք, ի՞նչ էլ լինելու։

Համբարձումյան. – Դե գործարքը կարող էր չստացվեր։ Բավականին մեծ գործարք էի անում արաբների հետ: Որպեսզի չխոչնդոտվեր, ես կարողանայի իմ գործարքը ավարտել, ես Մայրապետյանի հետ կապի մեջ մտա և փոխանցեցի այդ գումարը։

«Ազատություն». – Ձեզ կանչել էին հարցաքննության «Մարտի 1»-ի թեմայո՞վ։

Համբարձումյան. – Այո, «Մարտի 1-ի» թեմայով են ինձ կանչել հարցաքննության, որպես վկա։ Քանի որ ստուգել էին, էդ ստուգելուց հետո է պարզվել, որ ինձ կանչել են։

Աղբյուր՝

(Visited 3 times, 1 visits today)