Ստուգումներ` Սերժ Սարգսյանի ծննդավայրում. ինչ է հայտնաբերվել

ՀՀ Սյունիքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Տեղի գյուղապետարանում: Նշենք, որ Տեղը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ: Ըստ Սյունիքի մարզպետարանի` համայնքի ավագանու անդամների օրենքով սահմանված թիվը 9 է, որի պարագայում ավագանին, 2016 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ, ստեղծել է 3 մշտական հանձնաժողով, սակայն հանձնաժողովների նիստեր չեն գումարվել: Ասել է թե` հանձնաժողովները ստեղծվել են միայն աչք փակելու համար:

 Իսկ, ահա, 2018 թվականի փետրվարի 28-ին համայնքի ավագանու երկու անդամների հրաժարականների արդյունքում ավագանու անդամների թիվը պակասել է 2-ով եւ դարձել է 7: Այս դեպքում եւս համայնքի ավագանին պետք է ունենա նման հանձնաժողովներ, որը չունի: Պարզվում է` Տեղի գյուղապետը տեղական հարկերի ու տուրքերի հավաքագրումը ամբողջությամբ չի կատարում: Ավելին, հարկերը, տուրքերը եւ վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ նրա կողմից չեն կիրառվում:

Նաեւ գերեզմանատներում տրամադրվող գերեզմանների չափերը չեն պահպանվում, հաճախ դրանք հատկացվում են առանց սահմանված չափերի պահպանման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղապետարանը 2017 թվականին ուսումնասիրություն չի իրականացրել առեւտրի օբյեկտներում, կրպակներում, դեղատներում: Ինչպես հայտնի է, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերը պետք է ապահովված լինեն օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով:

Բայց պարզվում է, որ «Սալ-Քար» ընկերությանը պատկանող, Տեղ համայնքի Քարաշեն գյուղում գործող գազալցակայանի հասարակական զուգարանը չի համպատասխանում ստանդարտներին: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ համայնքի տարածքում գործող 3 օբյեկտներից 2-ը չունեն թույլտվություն, չեն էլ դիմել ստանալու համար: Այս դեպքում Սյունիքի մարզպետարանը առաջարկել է Տեղի գյուղապետարանին հարուցել վարչական վարույթ: Իսկ, ահա, ձմռանը փողոցների` հետիոտնի համար նախատեսված եւ երթեւեկելի հատվածները ձյունից եւ սառույցից թերի են մաքրվում: Այս գործառույթը, ըստ մարզպետարանի, գյուղապետարանը մասնակի է կատարում:

Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ Տեղի գյուղապետարանը խախտել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը. չեն պահպանվել անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության եւ պիտակի ձեւերը: Նույն օրենքի համաձայն` կենդանիների հաշվառումը, համարակալումը, կենդանիների անձնագրերի, հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման կարգ կա, որը եւս չի պահպանվել:

Սյունիքի մարզպետարանը գյուղապետարանին առաջարկել է ստեղծել հանձնաժողով, խնդրի կարգավորման համար 2 ամիս ժամանակ է տվել: Այս թեմայի շուրջ խոսելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Տեղի գյուղապետ Ներսես Շադունցի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին: Սյունէ Համբարձումյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/878529/

(Visited 8 times, 1 visits today)