Երիտասարդների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում. միջոցառումների ժամանակացույց

Այսօր՝ փետրվարի 16-ին, Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի բոլոր եկեղեցիներում:
9:30-ին Ձեռագիր Ավետարան կբերվի եկեղեցի: Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանից 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի, Ս. Պատարագի ողջ ընթացքում կլինի Ս. Խորանի վրա: Ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
10:00-ին Ս. Սարգսի աջը կբերվի եկեղեցի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ Ս. Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի: Հավարտ Ս. Պատարագի Սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին: Ս. Աջը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը:
11:00-ին տոնական Ս. Պատարագ՝ նվիրված Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակին: Տոնի առթիվ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս.Պատարագը կմատուցվի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
14:30-ին Խաչերթ: Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին:
15:00-ին «Ս. Սարգիս» ցուցահանդես- մրցույթ: Հայաստանի նկարիչների տանը (Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ ցուցահանդես- մրցույթ: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների:
15:30-ին տոնական համերգ: Սիրահարների պուրակում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին: Համերգին ելույթ են ունենալու Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:
Զինվորների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ՝ Ս. Սարգսի մասունքակիր աջով ու 17-րդ դարի Ավետարանով:
Պարգևատրում: Այս տարի չորրոդ անգամ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կպարգևատրի սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած ժամկետային 20 զինվորների, ովքեր դեռևս ծառայության մեջ են: Սա երախտիքի դրսևորում է մեր սահմաններն անառիկ պահող զինվորներին: Նրանց տվյալները տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույց
11:00-ին Ս. Պատարագ
13:00-ին Տոնական համերգ: Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագի ավարտին տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների մասնակցությամբ եկեղեցու բակում տեղի կունենա տոնական մեծ համերգ:

Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույց
10:30-ին 21-րդ դարում ընդօրինակված ձեռագիր Ավետարան կբերվի եկեղեցի:
11:00 –ին Ս. Պատարագ: Ավարտին կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Տոնի առթիվ եկեղեցու բակում կազմակերպվել է տոնախմբություն՝ ազգային երգ-պար, մրցույթներ՝ բացիկների, Ս.Սարգսի վարքին ու տոնին նվիրված վիկտորնինա: Համայնքի նախաձեռնությամբ տոնական սիրո ճաշ կմատուցվի: Ներկաներին նաև քաղցրաբլիթներ կհյուրասիրեն և սուրբգրային պատգամներով թերթոններ կբաժանվեն:
17:30-ին եկեղեցու երիցատանը երիտասարդական երեկույթ կլինի:

Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցող միջոցառումների ժամանակացույց
17:30-ին Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու բակում երեկոյան ժամերգությունից հետո երիտասարդների մասնակցությամբ տոնախմբություն տեղի կունենա: Եկեղեցու բակում ազգային երգերով ու պարերով կնշվի Ս. Սարգսի տոնը:

http://mamul.am

(Visited 1 times, 1 visits today)