Մեր նման մարդկանց քվեով դարձել է վարչապետ, հիմա հայտարարում է, որ փողոցային առեւտուր չի լինելու. Ակցիա ԱԺ-ի մոտ

Փողոցային առեւտրականները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մոտ. նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ուզում ենք՝ թողնեն մարդիկ կուշտ փորով հաց ուտեն: Մենք ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին ինչի՞ համար, ուրախացանք, ցույցերին մասնակցեցինք, ինչի՞ համար, մեր ազատության, մեր ապրուստի, մեր երեխաների ապագայի համար: Ասում է ձեր ուժերով ապրեք: Ինչի՞ համար եք արգելում մարդկանց առեւտուր անել, ապրել: Եկել եմ Նիկոլ Փաշինյանին խնդրեմ՝ թույլ տան ժողովուրդն իր ուժերով ապրի: Հիմնարկ չկա, գործարան չկա, ոչ մի տեղ չկա, որ մեր ջահելներն աշխատեն:

Ես 80 տարեկան եմ, գնում նստում եմ փողոցում ու մանր բաներ եմ վաճառում: Թոշակս 30 հազար դրամ է, չի հերիքում դեղերիս»,-ասաց ցուցարար կանանցից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Մեր հստակ պահանջն է՝ հանդիպել վարչապետին: Նախկինում վարչապետը խոստանում էր, որ ժողովրդի հետ է լինելու: Էսօր մեր նման մարդկանց քվեով ինքը դարձել է վարչապետ, հիմա հայտարարում է, որ փողոցային առեւտուր չի լինելու: Ես 30 տարեկան եմ, ունեմ անչափահաս երեխաներ: Եթե չի լինելու, ես մեկ շաբաթ չեմ աշխատելու, թող կառավարությունը ինձ տեղավորի մի գործարանում աշխատեմ: Ասում էին լավ ա լինելու, բայց ես հիմա ոչ մի լավ բան չեմ տեսնում: Մեկ ամիս էլ աշխատեմ, հետո պիտի երկրից փախնեմ, որ գնամ դրսում աշխատեմ, պարտքերս փակեմ»,-ասաց նա:

(Visited 5 times, 1 visits today)