Տղամարդ էս․․․ Եթե արել ես մի բան, ասա տղամարդավարի. Անդրանիկ Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Մարտի մեկի հարցով փաստահավաք խմբի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությանը:

Նրա խոսքով՝ նախքաննական մարմինը որևէ հարցով կաշկանդված չպետք է լինի: Շատ բնական է, որ ովքեր ասելիք ունեն, տարբեր կարգավիճակով պետք է հրավիրվեն հարցաքննության: «Եվ շատ լավ է, որ Տեր-Պետրոսյանին էլ են հարցեր տալիս, վկայի կարգավիճակով է: Եվ կուզեի, որպեսզի ավելի արագացվի բանակի թեման, որվեհետև բանակն անընդհատ լարվածության մեջ պահել չի կարելի:

Բանակի հետ, եթե կան էլի քննարկելու բաներ, դա մեր բանակի զինվորականությունը հենց ինքը պետք է գիտակցի, ոչ թե գնան թաքցնելու ճանապարհով, այլ ասեն այն, ինչ կա, բանակը հանեն Մարտի մեկի թեմայից, ինքը զբաղվի իր մարտական հերթափոխության խնդիրներով: Նույնը բոլոր ուժերին է վերաբերում: Մարտի մեկը, երբ ասում ենք՝ ամբողջությամբ բացահայտել, նշանակում է ամբողջ տեղեկատվությունը, ինչ կոծկել են ու թաքցրել, հանել, ներկայացնել քննչական խմբին, որպեսզի ինքն էլ իր վարույթում եղած գործը լիարժեք քննության արդյունքներով հաստատի, մեղադրանքները լինեն լիարժեք»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում Մարտի մեկի գործով մեղադրյալների թիվն ավելանա, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ իհարկե: Նրա խոսքով՝ շատ մարդիկ են մասնակից եղել այս գործընթացներին, բայց պետք է նայել, թե հիմնական հրամանները որտեղի՞ց եկան, ո՞նց շատերին պարտադրեցին:

Նա անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին: «Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ 0038 հրամանից տեղյակ չէ, հետո պարզվեց, որ չի կարող դրանից խուսափել, ինչ ասաց՝ տեղյակ է, բայց իրեն տվել են սևագիրը, սևագրից հետո էլ չգիտի ինչ է եղել: Չի կարելի, որ նախկին նախագահը մանիպուլյացիաների մեջ փորձի իր պաշտպանությունը կառուցել: Եթե արել ես մի բան, ասա տղամարդավարի»,- ասաց Քոչարյանը: Ըստ նրա՝ երբ նախկինում կեղծիքներով գործերը ոտքից գլուխ շուռ էին տալիս, ստեղծել էին օրենքով պաշտպանված հանցագործների ինստիտուտ: Հիմա բացառիկ հնարավորություն է ստեղծվել այդ ամբողջը մաքրել:

(Visited 7 times, 1 visits today)