Նիկոլ Փաշինյանի «գորշ կարդինալը»

Սուրեն Պապիկյանը կառավարության այն անդամներից է, ում հաճախ անվանում են գորշ կարդինալ: Ասվածի վառ ապացույցն էլ այն է, որ հենց Պապիկյանն է հավակնում դառնալ Նիկոլ Փաշինյանի կաբինետի սուպերնախարարներից մեկը, իրենով անելով Էներգետիկայի, Տրանսպորտի նախարարությունների մի հատվածն ու Պետգույքի կոմիտեն: Իհարկե, հետաքրքիր է, թե ինչու նման պատվի արժանացավ հենց Սուրեն Պապիկյանը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ո՞ր ծառայությունների դիմաց: Գուցե պատճառը նրանում է, որ Պապիկյանն, ի տարբերություն Փաշինյանի կաբինետի մյուս անդամների՝ հաջողացրել է զերծ մնալ սկանդալային պատմությունների մեջ ընկնելուց, այնպիսի հայտարարություններ անելուց, որոնցից հետո քննադատության թիրախում կհայտնվեր հենց Փաշինյանը, վերջինս էլ այսպես է փոխհատույց լինում:
Մինչդեռ սա բնավ չի նշանակում, որ Պապիկյանը պասիվ է: Հակառակը՝ նա ակտիվորեն աշխատում է տեղերում նոր իշխանությունների դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Մարզպետների նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո՝ Պապիկյանը օրենսդրական նախագծերով, դրանցում կատարված փոփոխություններով՝ գործադիրից կախվածության մեջ է դնում նաև համայնքապետերին: Բնապահպանների պնդմամբ, նախարարն անգամ Ջերմուկի ավագանուն է փորձում ճնշել՝ մետաղական հանքի շահագործման թույլտվություն կորզելու համար: Մամուլում կային նաև տեղեկություններ, որ իշխանափոխությունից հետո մարզերում ծայր առած կադրային ջարդի դաբրոն ևս եկել էր հենց կառավարությունից՝ հասկանալի է, թե ումից:
Ամեն բան այնքան էլ միանշանակ չէր նաև մարզպետների ինքնապարգևատրման աղմուկ հանած հարցում: Չի բացառվում, որ այդ քայլը այնքան էլ ինքնաբուխ չէր, և ընդամենը վարձատրություն էր մարզպետներին՝ ընտրությունների ժամանակ Փաշինյանի թիմի համար լավ աշխատելու դիմաց: Սա իրականում հենց այն սև գործն է, որը Պապիկյանը հաջողությամբ անում է Փաշինյանի համար՝ մնալով ստվերում…
(Visited 3 times, 1 visits today)