Անանյանը թանկ վճարեց պարգևատրումների համար

Ըստ ՀՀ հարկային նոր օրենսգրքի՝ այս տարվա հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է կիրառեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր: Այս փոփոխությունը լայն քննադատության և ռեզոնանսի առիթ դարձավ մի քանի պատճառներով՝ դարձավ պարտադիր, արժեքը սահմանվեց160.000 դրամ, և արտերկրից էժան ներկրումները մի շարք խնդիրների առաջ կանգնեցրեց գնորդներին՝ պարամետրերի համաձայնեցման մասով: Նույն օրենսգրքով սահմանվում է, որ ՀԴՄ սարքերը գնորդներին տրամադրվում են ինքնարժեքով:

Սակայն այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Ուշագրավ է այն, որ այս տարվա հունվարի 10-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ սարքերի ինքնարժեքը 158.000 դրամ է և ի տարբերություն նախորդ տարիների սուբսիդավորմանը, այս տարի միայն սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողների համար է գործելու 100% զեղչ (տես՝ տեսանյութում): Տվյալ ճեպազրույցում և դրանից հետ էլ ՊԵԿ նախագահը չի հայտարարել սահմանամերձ բնակավայրերից բացի որոշ այլ տնտեսվարողների համար ևս գործող սուբսիդիայի մասին:

Ստացվում է, որ հանրության կողմից բարձրացված դժգոհությունները, այնուհետև դրանք էլ ավելի սրացնող ՊԵԿ-ի միլիոնավոր պարգևատրումները տվեցին սպասված արդյունքը՝ նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով կտրամադրվեն տնտեսվարող որոշ սուբյեկտների:

Թեմայի վերաբերյալ  ԼՈՒՐԵՐ.com-ի այն դիտարկմանը, թե ինչպես է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարում մի բան, իսկ ՀՀ վարչապետը՝ մեկ այլ,  ՊԵԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ ավելի ուշ՝ ՊԵԿ նախագահի հետ քննարկումից հետո, կներկայացնի նրա տեսակետը:

Հիշեցնենք, որ օրերս «Իմ Քայլը» դաշինքի՝ ԱԺ-ում կայացած փակ նիստի ժամանակ կանչվել էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և ըստ մամուլի հրապարակումների, տվյալ նիստում վարչապետ Փաշինյանը կոշտ արձագանք է տվել ՊԵԿ-ի խոշոր պարգևատրումներին:

http://lurer.com

(Visited 9 times, 1 visits today)