Կոռուպցիան շարունակվում է «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնում․․․«Բժիշկ Դալլաքյանը կանչում է փեսայիս և ասում՝ ինչքա՞ն եք պատրաստ շնորհակալություն հայտնել». քաղաքացի

MAMUL.am-ը ահազանգ է ստացել քաղաքացի Անուշ Վարդանյանից, որը հայտնել է «Սուրբ աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից իրականցվող կոռուպցիայի մասին: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 26-ին առողջական լուրջ խնդիրներով ծնվել է իր քրոջ երեխան:

Ծննդատնից երեխան տեղափոխվել է «Սուրբ աստվածամայր» ԲԿ, որտեղ պետք է անհապաղ վիրահատություն կատարվեր: «Ի սկզբանե, քույրիկս շատ ծանր ծննդաբերություն է ունեցել, հետո պարզվել է՝ երեխան արատով է ծնվել… Շտապ կերպով պատրաստել և ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ բժշկական թղթերը: Կատարվել է վիրահատություն, ինչը, փառք Աստծո, բարեհաջող է անցել:

Վերջում, երեխային դուրս գրելուց առաջ, բժիշկը՝ Մանկական թոքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Դավիթ Դալլաքյանը, առանց վատ զգալու, կանչում է փեսայիս և ասում. «Ինչքա՞ն եք պատրաստ շնորհակալություն հայտնել: Ասում ենք՝ 50 հազար դրամ, ասում է՝ դա շատ քիչ է, դուք լավ գիտեք, թե մենք ինչ բարդ աշխատանք կատարեցինք, մենք փրկեցինք ձեր երեխային…»:

«Իմանալով այդ ամենը, ես հաջորդ օրը Առողջապահության նախարարության թեժ գիծ եմ զանգել, սոցցանցով նախարար Արսեն Թորոսյանին եմ տեղյակ պահել, վերջինն իմ գրածը փոխանցել է բժշկին, նա էլ փորձել է պարզել, թե ով կարող եմ ես լինել, ում «դրուզյան եմ» և այլն:

Այդ աղմուկից հետո, բժիշկ Դալլաքյանը կանչել է քրոջս ամուսնուն և ասել՝ դուք գիտե՞ք ես ով եմ: Նա հասկացրել է, որ երեխայի հետագա բուժումը իրենց ձեռքում է և մենք սխալ քայլեր չպետք է թույլ տանք»:

Անուշ Վարդանյանի խոսքով, իրենք տեղյակ են, որ մինչև 7 տարեկան երեխայի բուժումն ու վիրահատությունն անվճար է, սակայն այս երևույթը, որը շարունակվում է նաև հեղափոխությունից հետո, շատ հիասթափեցնող է. «Սրա համա՞ր էինք փողոց փակում, օրերով պայքարում, որ վերջում հիվանդանոցների բժիշկները շարունակեն բիզնես անել հիվանդների հետ, այսինքն՝ իրանց սեփական դուքյաննա՞, ինչքան սրտները տալիս՝ կաշառք են ուզո՞ւմ, կամ՝ ի՞նչ է նշանակում՝ դա շատ քիչ է…, ես կարող եմ դա էլ չտալ քեզ: Դու ես ընտրել այդ աշխատանքը և պարտավոր ես այն լավ կատարել՝ անկախ նրանից հիվանդը ունի գումար, թե ոչ: Պարտավոր ես ուշադիր և հոգատար լինել բոլոր հիվանդների նկատմամբ: Միթե՞ դա է բժշկի առաքելությունը …»,-վրդովված ասում էր մեր զրուցակիցը:

Ներկայացնելով բողոքը, նա նշեց, որ բժիշկ Դալլաքյանը նույնիսկ պահակի վրա է «նալոգ» դնում. «Տաքսիստներին էլ չեն թույլատրում հիվանդանոցի մոտ կանգնել՝ գումար են ուզում: Մեզ տեղափոխած տաքսիստը հիասթափված պատմում էր, որ պահակին «նալոգ» է տալիս, որպեսզի թողնի դռան առջև կանգնել: Սա այնպիսի դեպք է, որ պետք է տեղյակ պահել ոստիկաննության ու ԱԱԾ-ին»:

Անուշ Վարդանյանը համոզված է, որ «Սուրբ աստվածամայր» ԲԿ-ում բոլոր հարցերը լուծում է Մանկական թոքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Դավիթ Դալլաքյանը, հոր՝ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի իմացությամբ:

(Visited 9 times, 1 visits today)