«Պռավալ» տված ոլորտը․ Զեյնալյանը խուսափում է պատասխանատվությունից

Կառավարության մի մասի նշանակումից հետո հանրության մոտ օբեկտիվ հարցեր առաջացան՝ կապված հատկապես արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի վերանշանակման հետ: Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ վերջինս չի հանդիսանում Փաշինյանի քաղաքական թիմի անդամ. շատ ավելի կարևոր են այն «ձեռբքերումները», որոնք Զեյնալյանը ի պաշտոնե գրանցել է նախարարական պորտֆելը ստանձնելուց հետո:
Դրանք անչափ սակավաթիվ են, սակայն նախարարին էլ կարելի է հասկանալ: Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ արդարադատությունը չի կատարում իր բուն գործառույթը, այլ ծառայում է որոշակի քաղաքական շահերի իրացմանը: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակն արդեն իսկ միջազգային կառույցների մանրադիտակի տակ է: Առաջին անգամ երկար տարիների ընթացքում ՀՀ քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահանում, այն էլ կալանավոր, ում մեղքը անգամ ապացուցված չէր մինչ օրս: Իհարկե, Զեյնալյանը փորձեց արձագանքել և մեղքը բարդել բանտային բժշկության ոչ պատշաճ մակարդակի վրա: Այլ բան նույնիսկ դժվար էր ակնկալել:
Սակայն այդ բժշկության որակի համար էլ է նա պատասխանատու: Ինչպես նաև պատասխանատու է համաներման արդյունքում Հայաստանի փողոցներում վխտացող հանցագործների համար, քանի որ նախարարությունը, ըստ էության, բավարարվել է միայն վերջիններիս ազատելով, որևէ քայլ չանելով նրանց սոցիալականացման աջակցման ուղղությամբ: Զեյնալյանի պաշտոնավարման ևս մեկ ձեռքբերում կարելի է համարել ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ սնկի պես աճող գանգատները և հայցերը, որոնք կարծես թե բավարարման միտում ունեն, ինչը կառավարության համար լուրջ վտանգներով է հղի: ԵԽԽՎ-ն արդեն իսկ կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերում չշեղվել ՄԻԵԴ կոնվենցիայից, իսկ սա նշանակում է, որ նման շեղումներ ԵԽԽՎ-ում արդեն իսկ նկատել են: ԵԽ–ն էլ իր հերթին է ՀՀ իշխանություներին կոչ անում Մարտի 1–ի գործով բացառել վրեժի քաղաքականությունը կամ ընտրովի արդարադատությունը: Կարճ ասած՝ Զեյնալյանը ոչ թե լուծում է ոլորտի խնդիրները, այլ ոլորտը դարձրել է մեծ և անլուծելի խնդիր՝ կառավարության և նոր իշխանությունների համար:
(Visited 2 times, 1 visits today)