Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը զգացել այդ ուղերձի կարիքը․․. իրավիճակ է փոխվել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համախոհներին եւ համակիրներին ուղերձ է հղել բանտից, որտեղ խոսում է իր քաղբանտարկյալ լինելու մասին, հայտարարում, թե հետապնդումը հետ չի պահի իրեն քաղաքական գործունեությունից, հայտարարում, թե իր հետ տեղի ունեցողը ժամանակավոր է, եւ ստի ու ատելության վրա կառուցված իշխանությունը չի կարող ունենալ երկար կյանք:

Ինչու՞ է Ռոբերտ Քոչարյանը զգացել այդ ուղերձի կարիքը, որը մի կողմից կարծես թե հիշեցում է իր մասին, մյուս կողմից համախոհներին ոգեւորելու փորձ, որը Քոչարյանը գուցե ավարտեր «դուխով» կարգախոսով, եթե այն չլիներ թավշյա հեղափոխության կարգախոսը:

Երկրորդ նախագահը զգացել է, որ իր մասին մոռանու՞մ են: Հազիվ թե: Համենայն դեպս, ինքն էլ դա թույլ չտվեց, մարտի 1-ի մասին Ռոման Բաբայանի ֆիլմի հայտնի ցուցադրումով: Բայց դա առաջացրեց հակառակ էֆեկտ, բորբոքեց հանրության տրամադրությունն իր դեմ, իսկ Հանրային հեռուստաընկերությունն էլ ցուցադրեց Մարտի 1-ի մասին մեկ այլ ֆիլմ, որը նկարահանվել էր վաղուց եւ փաստացի մեղադրանք էր Ռոբերտ Քոչարյանի հասցեին:

Արդյոք երկրորդ նախագահի բանտից հղված ուղերձի նպատակը Ռոման Բաբայանի ֆիլմից եւ դրա ցուցադրումից ստացված բացասական, բումերանգի էֆեկտը չեզոքացնելն էր, գոնե իր համախոհների եւ համակիրների շրջանում, որոնք եւ գուցե ստացել են կամ կրել այդ հարվածի ծանրությունը:

Համենայն դեպս հետաքրքիր է, որ երկրորդ նախագահը բանտից հղված ուղերձով ոգի է տալիս իր համախոհներին, հորդորում է, որ չհուսահատվեն, նաեւ չկասկածեն, որ զբաղվելու է քաղաքական գործունեությամբ: Իսկ կա՞ր այդպիսի ոգեւորող ուղերձի անհրաժեշտություն:

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը հատկանշական է նաեւ մեկ այլ իրողության ֆոնին, կամ գուցե իրողությունների: Մի կողմից Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, որը Հայաստանում նախկին իշխող համակարգին հարող շրջանակների համար դարձավ Փաշինյանին «դավադրության» կամ պարզապես «Արցախը հանձնելու» համար մեղադրելու առիթ:

Մյուս իրադարձությունն Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովն էր, որ շարունակվեց մի քանի օր, ավարտվեց նոր Բյուրոյի ձեւավորմամբ, կուսակցության փաստորեն նոր ղեկավարի ընտրությամբ՝ Հրանտ Մարգարյանին փոխարինեց Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը՝ Կանադայից, ու Արցախի հարցի վերաբերյալ Ընդհանուր ժողովի հայտարարությամբ՝ Արցախի հարցում սակարկությունը բացառելու վերաբերյալ:

Արդյոք Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովից սպասում էր այլ բան, առավել եւս, որ Ընդհանուր ժողովը կարծես թե սկսեց նրա համար հուսադրող նոտայով: Հրանտ Մարգարյանը հայտարարեց մոտավորապես այն, ինչ բանտից հղված ուղերձում շոշափում է Ռոբերտ Քոչարյանը: Մարգարյանը քննադատեց նոր իշխանությանն ու հայտարարեց, թե հաջորդ ընտրությանը «տուն են ուղարկելու»:

Ու թեեւ ընտրության հանդեպ քաղաքական ուժի ակնկալիքի տեսանկյունից հայտարարությունը լիովին տրամաբանական է, բայց տողատակի առումով ակնհայտորեն շոշափելի է հենց նոր իշխանության «ժամանակավորության» ուղերձը, որ կա նաեւ Ռոբերտ Քոչարյանի բանտից հղված ուղերձում:

Բայց, սկսելով երկրորդ նախագահի զինակցության տեսանկյունից հուսադրող, ոգեւորող տոնով, ՀՅԴ Ընդհանուր ժողովը ավարտվեց քաղաքական լուրջ եւ համարժեք հայտարարությամբ, որը նաեւ իր համատեքստում արձագանք էր ժողովի մեկնարկից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձին՝ ՀՅԴ կարեւոր դերակատարման եւ միասին աշխատելու, գործակցելու պատրաստակամության հավաստումով:

Դա էլ երեւի թե առաջացրեց երկրորդ նախագահի բանտային ուղերձի անհրաժեշտությունը, համախոհներին ոգեւորելու ջանքով:

Իհարկե, հայտարարության ֆոնի առումով կա նաեւ մեկ այլ տեղեկություն՝ Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանին ԱԱԾ կանչելու վերաբերյալ: Բայց հազիվ թե Ռոբերտ Քոչարյանը բանտից ուղերձ տարածեր միայն Գառնիկ Իսագուլյանին գոտեպնդելու համար:

http://www.lragir.am

(Visited 8 times, 1 visits today)