Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել մեկնել երկրից հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ:
Այս մասին մեր զրույցում ասացին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ յուրաքանչյուրի կողմից մուծվել է 15 մլն դրամ:
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն թույլատրել է Սամվել Մայրապետյանին մեկնել Գերմանիա՝ բուժման նպատակով:
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել բուժման նպատակով դուրս գալ երկրից` հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա 23.01.2019թ.-ին հրավիրված մասնագիտական կոնսիլիումի եզրակացությունը:
Այդ եզրակացության համաձայն` Ս. Մայրապետյանին ցուցված է կատարել ենթաստամոքսային գեղձի տրանսլյումինալ դրենավորում, որը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում, ուստի վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանին թույլ է տրվել բուժման նպատակով մեկնել արտերկիր:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը. այսինքն` հանրության շրջանում վստահություն վայելող երկու անձանց գրավոր պարտավորությամբ և մուծված գումարի երաշխավորությամբ Սամվել Մայրապետյանին թույլ է տրվել է մեկնել երկրից: /Յուրաքանչյուրի կողմից մուծվել է 15 մլն դրամ/: Ի դեպ, երաշխավորների կողմից իրենց պարտականությունները չկատարելը հանգեցնում է քրեական պատասխանատվության, ինչի մասին տեղեկացվել են երաշխավորություն տված անձինք»,- ասացին ՀՔԾ-ից:
http://www.armtimes.com/hy/article/153195