Կոլեկտիվով՝ կառավարությունից Ազգային ժողով. ովքեր են ԱԺ նախագահի աշխատակազմում հանգրվանել

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կառավարությունից խորհրդարան է տեղափոխվել «կոլեկտիվով»: ԱԺ նորանշանակ նախագահն արդեն հասցրել է հայեցողական պաշտոններում մի քանի նշանակումներ կատարել, որոնք նախկինում աշխատում էին առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Մասնավորապես, Միրզոյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակել իր նախկին խորհրդական Տիգրան Գալստյանին:

Ի դեպ, Արարատ Միրզոյանը եւ Տիգրան Գալստյանը գրեթե նույն ժամանակագատվածում սովորել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Տիգրան Գալաստյանն այնտեղ ուսումն ավարտել է 2002 թվականին, իսկ Միրզոյանը՝ 2004-ին: Նրանք երկուսն էլ ունեն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված նրանց անձնական տվյալներից: Արարատ Միրզոյանն իրեն օգնական է նշանակել կառավարությունում իր ռեֆերենտ Շուշաննա Թեւանյանին, իսկ ահա իր գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանին օգնականի հաստիքով է բերել խորհրդարան:

Արարատ Միրզոյանի թիմից կառավարությունից Ազգային ժողով տեղափոխվածների թիվն այսքանով չի սահմանափակվում: Միրզոյանի առաջին փոխվարչապետ եղած ժամանակահատվածի այլ աշխատակիցներ ԱԺ են տեղափոխվել որպես պատգամավորներ: Քրիստինա Պողոսյանը, որն Արարատ Միրզոյանի օգնականն էր, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է:

Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը եւս պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունում: Նշենք, որ այս պահին Արարատ Միրզոյանի աշխատատակազմում թափուր հաստիքներ կան: Մասնավորապես, նշանակված չեն երեք խորհրդականները եւ գլխավոր գրածավարը: Հայկ Վարդանյան


© factor.am

(Visited 4 times, 1 visits today)