Արթուր Վանեցյանը Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը փակած քաղաքացիների հարցերը լուծել է (Photo)

168.am-ը գրում է.

Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները երեկ փակել էին Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը՝ պատճառաբանելով, որ իրենց թույլ չեն տալիս անցկացնել օրենքով սահմանված 25 կգ ապրանքը: Այսօր առավոտյան ևս կրկնել են այդ գործողությունը, բայց այն երկար չի տևել, քանի որ անձամբ այնտեղ է գնացել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)  տնօրեն Արթուր Վանեցյանն ու հարթել ստեղծված իրավիճակը:

«Խոսեցինք պարոն Վանեցյանի հետ, նա ասաց, որ կմիջնորդի, որպեսզի ապրանքն անցկացնենք: Ասաց՝ այս անգամ անցեք նույն ձևով, բայց հաջորդ անգամ այսպես չանեք, գյուղացիների չկանչեք, և այլն: Մենք էլ պատասխանեցինք, որ դա հնարավոր չէ: Ես եմ՝ Բաթումից, Թիֆլիսից ուղևոր եմ վերցնում»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց  «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության փոխտնօրեն Վարդան Բեգինյանը:

ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝  ասաց, որ  բողոքողների մեծ մասն ապրանքի տերը չէ:

«Նրանք ուղղակի ծառայություններ են մատուցում ապրանքների իրական տերերին՝ ապրանքը փոքր քանակությունների մասնատելու ու առանց օրենքով նախատեսված հարկերը, մաքսատուրքերը վճարելու՝ հանրապետություն ներմուծելու գործում: Սակայն օրենսդրությամբ կան սահմանված որոշակի քանակներ՝ արժեքային և քանակական, նախատեսված անձնական նպատակով ապրանք ներմուծելու ու անձամբ կամ ընտանիքի շրջանակներում սպառելու համար: Այդ արտոնությունը ոչ մի դեպքում նախատեսված չէ առևտրային շրջանառության մեջ ապրանքներ ներառելու համար, որովհետև այս դեպքում ապականում ենք շուկան, վնասում մարդկանց, ովքեր օրինական ճանապարհով, հարկերը մուծելով՝ ապրանքներ են ներմուծում: Պետք է տարբերակել բիզնես նպատակները՝ անձնական օգտագործման նպատակներից»,- նշեց ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  առևտրականները մեր հարցին՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ իրենց շարքերում կան մարդիկ, ովքեր փորձում են պետությանը «խաբել» ու չասել, որ բեռնափոխադրող մեքենայում առկա ապրանքը, ասենք, 75 կգ-ն, հենց իրենցն է, ու ոչ թե՝ հարևանինը, ու այս կերպ խուսափում են մաքսազերծման գումար վճարելուց, պատասխանել էին, որ նման բաներ լինում են։

«10 օր առաջ թույլ տալիս էին՝ իմանալով այդ ամենը։ Բայց, եթե ապրանքը շատ է՝ պատրաստ ենք վճարել»,- շեշտել էին նրանք:

Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:

Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:

(Visited 13 times, 1 visits today)