Կեսարյան հատումից հետո 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 28-ին կեսարյան հատումից հետո մահամերձ վիճակում «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 25-ամյա ծննդկան Սուսաննա Ոսկանյանը, որը նույն օրը մահացել է․ հայտնում է ԼՈՒՐԵՐ․com-ը։

Ըստ բժիշկներ՝ ծննդկանի մահվան պատճառը եղել է թոքերի այտուցվածությունն ու ներքին արնահոսությյունը։

«Կեսարյան հատումը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին, այդ օրը պետք է մնար վերակենդանացման բաժանմունքում, մենք բժիշկի հետ խոսեցինք, նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ պարզապես արնահոսության հետևանքով շատ արյուն է կորցրել»,- կայքի հետ զրույցում պատմել են մահացած ծննդկանի հարազատները, նրանց բժիշկներն ասել են, թե ծննդկանի հետ ամեն բան կարգին է, և կրկին արնահոսելու դեպքում հիվանդանոցն ունի բոլոր սարքավորումները հիվանդի վիճակը կայունացնելու համար:

«Քանի որ վերակենդանացման բաժանմունքում թույլ չեն տալիս հիվանդի մոտ մարդ մնա, մենք նրան կերակրեցինք ու տուն գնացինք։ Սակայն ժամը 4-ին մեզ զանգահարում ու ասում են, որ տեղափոխում են Երևանի «Աստղիկ» ԲԿ, այդտեղ ասացին, որ վիճակը ծայրահեղ ծանր է և գոնե 6-8 ժամ առաջ պետք է բերեինք իրենց մոտ: Շատ չանցած՝ Սուսաննան մահացավ․․․»,- պատմել են մահացած ծննդկանի հարազատները։

Նրանք այժմ սպասում են դատաբժշկական փորձաքննության պատասխանին։

Մահացած ծննդկան Սուսաննա Ոսկանյանն ուներ 4-ամյա դուստր, իսկ դեկտեմբերի 27-ին ծնվել է տղա երեխա, որն առողջական որևէ խնդիր չունի։

Լուրեր Հայաստանից — NEWS.am

(Visited 8 times, 1 visits today)