Առաջին լուրջ ահազանգը Փաշինյանի համար՝ խորհրդարանից

1in.am-ը գրում է, որ չնայած «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի, խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրված Մանե Թանդիլյանի օգտին 19 պատգամավոր էր քվեարկել: Քվեարկությունը փակ և գաղտնի է, ուստի մնում է վստահաբար ենթադրել՝ այդ միակ պատգամավորը կարող էր լինել իշխանական «Իմ քայլից»։ Առաջին հայացքից՝ իրադարձությունն աննշան է ու հատուկ վերլուծության կարիք չունի, սակայն այդպես է միայն խնդրի մակերեսային ընկալման տեսանկյունից։

Իրականում՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորած մեծամասնության ու ՀՀԿ-ի ընդհանրությունները նրանք չեն, որոնք այսօրվա լայվով համոզիչ կերպով հերքել է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս կուսակցության ու ՀՀԿ-ի հիմնական ընդհանրությունը դրանց անձնակենտրոն բնույթն է։ Այս իմաստով՝ հեղափոխությունը որակապես նոր իրավիճակ չի ստեղծել, այլ խոսքով՝ իշխանության համակարգը շարունակում է գործել մեկ անձի առանցքով։

Մյուս կողմից՝ չմոռանանք, որ խորհրդարանի աշխատանքների մեկնարկից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր եկել խորհրդարան՝ իր խմբակցության հետ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը քննարկելու համար։ Այսինքն՝ վարչապետի համար խիստ սկզբունքային է եղել, որ այս հարցում թիմն ունենա կոնսոլիդացված, միասնական որոշում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական այցից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի առանցքային գործիչներ չէին թաքցրել, որ պատրաստ են քվեարկել Մանե Թանդիլյանի օգտին։

Մանե Թանդիլյանի ստացած 19 ձայնն ոչ այնքան նրան պետք է վշտացնի, այլ՝ Նիկոլ Փաշինյանին, որը խորհրդարանում մեկ ձայնի կորուստ ունեցավ ԱԺ գործունեության արդեն երկրորդ օրը։ Սա առաջին լուրջ ահազանգն էր Փաշինյանի համար՝ խորհրդարանից։

(Visited 266 times, 1 visits today)