Ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկվել մի խումբ անձիք։

Հունվարի 12-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Ա. Հ.-ին (խոսքը քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի մասին է) և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ:

Ռուսական համարանիշերով «Տոյոտա»մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն:

Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվեց նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածը վերցվել է: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները կատարում են համապատասխան ստուգումներ: Նշանակվել են փորձաքննություններ:

(Visited 4 times, 1 visits today)