«Այս ամենը քիչ է, հիմա էլ բյուրոկրատիայի մի նոր ձև ենք փորձում պարտադրել, այն է՝ ներխուժել դասարաններ ու ուսուցչին կաշկանդել ինչ-որ լղոզված էթիկայի նորմերով»

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ուսուցիչների էթիկայի նորմեր»: ԿԳՆ-ն այսպիսի փաստաթուղթ է փորձում շրջանառության մեջ դնել ու բանից պարզվում է, որ համանման նախաձեռնություն եղել է նաև նախորդ իշխանությունների օրոք:

Մանկավարժությունը հնարավորինի արվեստն է, չի կարելի ուսուցչին սահմանափակել էթիկայի ինչ-որ համընդհանուր արգելքների մեջ՝ զրկելով ստեղծագործելու հնարավորությունից:

Իմ համոզմամբ ուսուցիչների անարդյունավետ աշխատանքի հիմնական պատաճառներն են ցածր աշխատավարձը, մանկավարժական վատ կրթությունն ու ավելորդ բյուրոկրատական քաշքշուքները: Առաջին երկուսը քննարկման առանձին թեմաներ են: Խոսենք վերջինի մասին:

Ուսուցիչներն իսկապես կաշկանդված են ավելորդ աշխատանքով ու փաստաթղթերով: Տեսեք, բավական չէ, որ դպրոցներում գնահատման ու արդյունքների ամփոփման մատյաններ կան, մի հատ էլ ավելացել է էլեկտորանային տարբերակը` dasaran. am-ը: Սա ժամանակի անիմաստ կորուստ է: Պետք է ընտրել կա՛մ մեկը կա՛մ մյուսը: Երբ ես դպրոցում էի աշխատում, էլեկտրոնային տարբերակը բոյկոտել էի, քանի որ չի կարելի նույն մեխանիկական աշխատանքը անել երկու անգամ, ո՛չ ժամանակ կա և ո՛չ էլ ռոբոտ դառնալու ցանկություն:

Ուսուցիչները կաշկանդված են դասերի պլաններ ու ամփոփումներ գրելու մեխանիկական աշխատանքով: Այդ փաստաթղթերի միաձև ու համընդհանուր տարբերակը պարտադրված է նախարարության կողմից: ԿԳՆ-ն թո՛ղ մի հատ ուսումնասիրություն անցկացնի ու պարզի, արդյո՞ք իր առաջարկած ու պարտադրած ծրագրերն իսկապես կյանքի են կոչվում, թե՞ ձևական բնույթ են կրում:

Պետք է փաստենք, որ ձևական բնույթ են կրում ու կյանքի են կոչվում միայն փաստաթղթերում: Այսինքն այս ձևական փաստաթղթերի վրա էլ ուսուցիչը հսակայական ժամանակ է վատնում՝ լավ իմանալով, որ իրականությունն ու պարտադրված ձևաչափերը իրար հետ կապ չունեն: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք Է իր առանձնահատուկ պլանը ունենա՝ իր կողմից ստեղծված ու մշակված։ Երբեմն ԿԳՆ-ի աշխատակիցները գալիս են ստուգման ու ուսուցիչների վրա մունաթ գալիս։ Իբրև թե ինչո՞ւ պլանն ու դասընթացը չեն համապատասխանում իրար։ Կամ էլ որոշակի շեղումներ կան։ Նախարարության այդ ստուգողներին պետք Է առաջարկենք իրենց կազմած պլանով մտնել դասարան ու սպասել, թե քանի րոպեից են տապալվելու ու աշակերտները ինչ դատաստանի են արժանացնելու նրանց։ Այսինքն կյանքում դասարան չմտած ինչ-որ մանր չինովնիկ մունաթ է գալիս մանկավարժի վրա։

Այս ամենը քիչ է, հիմա էլ բյուրոկրատիայի մի նոր ձև ենք փորձում պարտադրել, այն է՝ ներխուժել դասարաններ ու ուսուցչին կաշկանդել ինչ-որ լղոզված էթիկայի նորմերով: Չի կարելի այսպես, մանկավարժը պետք է կատարյալ ազատություն ունենա:

Դասարանը պետության պես կառույց է: Այնտեղ կազմակերպվող կյանքն էլ կարող է լինել ավտորիտար կամ էլ ժողովրդավարական հիմքերի վրա կառուցված:

Վերջին 30 տարիներին դասաժամը ավտորիտար էություն է ունեցել՝ ուսուցչի միահեծան տիրապետության ներքո: Հիմա մենք ոչ թե փորձում ենք չեզոքացնել փոխհարաբերությունների այդ կերպը, այլ պարզապես արտաքին տեսքն ենք փոխում՝ էլ ավելի խորացնելով խնդիրը:

Տարիներ առաջ, երբ առաջին անգամ որպես ուսուցիչ պետք Է դասարան մտնեի, ահավոր լարված էի ու վախեցած: Ուսմասվարին հարցրեցի, թե ի՞նչ անեմ, չգիտեմ, խճճվել եմ: Վերջինս տարիների մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալ մանկավարժ էր: Ասեց՝ ինչ ուզում ես արա, ուզում ես՝ պարի կամ էլ երգի, միայն թե վերջում արդյունք տեսնեմ:

Թող հանկարծ մեծամտություն չթվա, բայց վերջում իսկապես արդյունքը երևաց, աշակերտները սկսեցին հետաքրքրություն դրսևորել պատմության նկատմամբ:

Ի՞նչ կլիներ իմ հետ, եթե նա ինձ կաշկանդեր էթիկայի նորմերով ու ավելորդ պլաններով: Հավանաբար մի ամիս էլ չէի ձգի:

Ուսուցիչն ինքն իր համար պետք է դասապրոցեսի ու էթիկայի, վարվեցողության ու ստեղծագործելու կանոններ սահմանի: Այդ կանոնները չպետք է համընդհանուր ու միաձև լինեն, որոհետև ուսուցիչներն էլ միաձև չեն, ամեն մեկը ստեղծագործելու իր յուրօրինակ կերպն ունի:

Այսինքն մենք ոչ թե պետք է ուսուցիչներին կաշկանդենք, այլ նպաստավոր պայմաններ ստեղծենք ստեղծագործելու համար։

Նախարարության իրականությունն ու դասարանի ներսում գտնվող աշխարհը պետք է համատասխանեցվեն իրար: Թե չէ նախարարությունում գրում են մի բան, իսկ դասարանում անում են մեկ ուրիշ բան: Ու այդ տարբերությունը օբյեկտիվ պատճառներ ունի:

Դասարանի աշխարհը կազմված է տասնյակ աշխարհներից, յուրաքանչյուր երեխա մի առանձին անհատականություն է: Չի կարելի նրանց հետ շփումը կանոնակարգման ենթարկել, քանի որ ամեն մի աշակերտ առանձնահատուկ մոտեցման պետք ունի:

Ինչպե՞ս շփվել բարդ հոգեբանական աշխարհ ունեցող աշակերտի հետ, որը խանգարում է դասը, չի լսում ու մեծ հաշվով թքած ունի ամեն ինչի վրա: Մի՞թե էթիկայի նորմերը կարող են պատասխանել այս հարցին:

Մենք պետք է փոխենք մեր պատկերացումները հանրակրթության վերաբերյալ: Նախարարության մեծ աշխատասենյակներում կայացվող որոշումները պետք է համապատասխանեցվեն իրականությանը»:

(Visited 5 times, 1 visits today)