Հատուկ քննչական ծառայությունը բավարարել է պաշտպանի միջնորդությունը։
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։
«ՀՔԾ-ն բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու հետ կապված»,–ասաց Բատիկյանը:
Հիշեցնենք`Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերին Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել կաշառք ստանալու միջնորդության համար (ՀՀ ՔՕ 38-311 հոդված)։ Համարվում է, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկն է։
Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Սամվել Մայրապետյանին: Դեկտեմբերի 30-ին ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է փաստաբանների՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որից հետո նրանք այդ հարցով դիմել են ՄԻԵԴ:
Գործարարի պաշտպանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։
Մայրապետյանը Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև Երևանի կենտրոնում զբաղվում է էլիտար անշարժ գույքի շինարարությամբ։