«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից եւ չի լինելու խորհրդարան: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
«Մենք որոշում ունենք, որ Քրիստ Մարուքյանը չի վերցնի մանդատը: Նա կշարունակի Վանաձորի ավագանիում՝ ԼՀԿ խմբակցության ղեկավարի պարտականությունները: Այնտեղ կիսատ թողնված գործ ունենք՝ մանդատագողության գործը եւ Հայաստանի ամենա ոչ լեգիտիմ քաղաքապետը, որը շարունակում է պաշտոնավարել եւ հանդուրժվում է հեղափոխության եւ իշխանությունների կողմից: Այդ գործը պետք է ավարտին հասցվի»,- ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետը Մամիկոն Ասլանյանն է: 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ նա առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից:
Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով ԼՀԿ-ն նոր խորհրդարանում ունենալու է 18 մանդատ: «Լուսավոր Հայաստանը» նաեւ հայտարարել է, որ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանին:
armtimes.com