Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային Պողոտայում գործող բարում երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 2-ին, Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում գործող «Հուկա ման» բարում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, նշված բարում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մհեր Մուրադյանի, Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Արթուր Եթիմյանի, Երևան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Կարեն Դավթյանի և 40-ամյա Միքայել Ալեքսանյանի միջև:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը շարունակվել է Հյուսիսային Պողոտայի 1/2 հասցեի դիմաց, որի ընթացքում է Մ. Ալեքսանյանը (աջ ձեռքի հինգերորդ մատի կոտրվածք), իսկ Կ. Դավթյանը (կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում՝ Մ. Մուրադյանին և Ա. Եթիմյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 3 times, 1 visits today)