Armtimes.com-ը գրում է. Գյումրու Տերյան 1 նրբանցքում վաղ առավոտից սկսված իրարանցումն ավարտվեց երեկոյան՝ հրշեջ-փրկարարների ջաքերով: Այս հասցեում երկու ավտոտնակների մեջտեղում առկա 4 մետր խորությամբ նեղ փոսն էր ընկել փողոցի շներից մեկը:
Կենդանուն օգնելու ապարդյուն ջանքերից հետո բնակիչներն ահազանգել էին 911: ՇՄ փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի հրահանգով թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մատական հաշվարկ է մեկնել դեպքի վայր: Մեծ դժվարությամբ են հրշեջ-փրկարարները կարողացել մինչեւ վիզը ցեխի մեջ խրված շանը 4 մետր խորություն ունեցող փոսից դուրս բերել: Աշխատանքները տեւել են մեկ ժամից ավելի:

Ի դեպ, ըստ բնակիչների, առաջին անգամ, երբ ահազանգել են 911, հերթապահը տեղյակ է պահել, որ այդ խնդրով ոչ թե իրենք են զբաղվում, այլ քաղաքապետարանը: Ավելի հստակ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ն: ՀԺ-ի հետ զրույցում այդ ծառայության պատասխանատուն նշեց, որ իրենք որսորդ ունեն, բայց ծառայությունը ոչ թե շներին փրկում, այլ հակառակը՝ վնասազերծում է: Իսկ Գյումրիի պարագայում, վնասազերծումը կրակելով սպանելն է:
ՇՄ Փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի հետ զրույցի ընթացքում էլ պարզ դարձավ, որ ՇՄ փրկարարական ծառայությունը կենդանիներին օգնության հասնելու հատուկ փորձ չունի, սակայն կաշխատեն օգնել կենդանուն ունեցած հնարավորությունների սահմաններում: «Դե, տարին սպանելով սկսել չի կարելի, հետո էլ կենդանի է, մեղք է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը: