Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Հովիկ Առաքելյանը իր վարած Hummer մակնիշի 35 PX 473 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղից դեպի Արաքսավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արմեն Գասպարյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը մեղակայանով ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:


