Երկար սպասված լուր մանկապարտեզի տարիքի երեխա ունեցող բոլոր ծնողների համար

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները:

«Մեր քաղաքի բնակիչների համար սա երևի ամենասպասված լուրերից է, որովհետև, նախակրթարաններում հերթագրվածների թիվը 8 հազար է: Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր խմբասենյակներ: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, որովհետև, ցավոք, մեր նախակրթարաններում մի շարք տարածքներ իրավական կամ առանց իրավական հիմքերի տրամադրված են տարբեր կազմակերպությունների: Եվ մեր առաջին աշխատանքներից էր գույքագրել, թե նախակրթարանների տարածքներից որքա՞նն է զբաղեցված և ի՞նչ նպատակով է օգտագործվում:

Այժմ սկսվել է մեծ գործընթաց. նախակրթարանները բեռնաթափել այն բոլոր կազմակերպություններից, որոնք առանց իրավական հիմքի գործում են նախակրթարաններում: Ցավոք սրտի, շատերը դժվարություններ են ստեղծում, սակայն օրենքի ուժով խնդրին կարողանում ենք լուծում տալ:

Ծրագրի առաջին պտուղները կքաղենք արդեն փետրվար ամսին, երբ մի շարք վարչական շրջանների նախակրթարաններում նոր խմբեր կբացվեն: Սա 2019-ի մեր առաջնային խնդիրներից մեկն է, որովհետև պետք է կարողանանք շուրջ 1000 երեխայի համար ստեղծել նոր խմբեր:

Ծրագրի փուլերի մասին

«Ծրագիրը կընթանա 3 փուլով: Առաջինը կմեկնարկի փետրվարին՝ Արաբկիր, Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում: Երկրորդ փուլը կլինի մայիսին, երրորդ փուլը՝ սեպտեմբերին:

Նշեմ, որ ընտրված են այն վարչական շրջանները, որտեղ ունենք ավելի շատ հերթագրված երեխաներ, նաև այն վարչական շրջանները, որտեղ այս ամիսների ընթացքում հնարավորություն ենք ունեցել ստեղծելու համապատասխան տարածքներ: Հավելեմ նաև, որ առաջին փուլի համար ընտրվել են այն տարածքները, որոնք չունեին վերանորոգման կարիք կամ ունեին մասնակի՝ կոսմետիկ վերանորոգման կարիք, որոնցում աշխատանքներն այժմ տարվում են:

Ի ուրախություն մեզ, մեր երկրում կան մարդիկ, որոնք հանդես են եկել նախաձեռնությամբ և առաջարկել են իրենց ընկերությունների հաշվին նախակրթարաններին նվիրել գույք:  Շատ կարևոր է, երբ մարդիկ ձեռք են մեկնում համայնքին և ուզում են իրենց մասնակցությունն ունենալ այս գործընթացում:  2-րդ փուլի համար արդեն այսօր աշխատանքներ են տարվում գույքի, նաև որոշակի վերանորոգման նպատակով: Ինչ վերաբերում է 3-րդ փուլին, ապա այդ ժամանակ կունենանք ամբողջովին պատրաստի խմբասենյակներ»:

Ի՞նչ միջոցներով է իրականացվելու ծրագիրը

«Նոր խմբերի ձևավորման ծախսերը, բնականաբար, ներառված են Երևանի 2019թ. բյուջեում: Դա այն սահմանված գումարն է, որ տրամադրվում է նախակրթարաններին ամեն երեխայի համար: Ինչ վերաբերում է վերանորոգման ծախսերին. նշեմ, որ վարչական շրջաններն ու նախակրթարաններն իրենց բյուջեներում ունեն այն գումարը, որով կարողանան ըստ անհրաժեշտության  այդ աշխատանքներն իրականացնել: Բայց, եթե ծրագրի 3-րդ փուլի համար ծագեն այլ խնդիրներ, ապա, գիտեք, որ փետրվարին ունենալու ենք բյուջեի լրամշակում, և այդ փուլում ևս հնարավորություն կունենանք ներառելու այդ ծախսերը բյուջեում:

Ծրագրի արդյունքների մասին

Կա քաղաքապետի հստակ հանձնարարական. տարիների ընթացքում կարողանալ հասնել խնդրի վերջնական լուծման, որովհետև ցանկացած ընտանիքում, որն ունի նախակրթարանի տարիքի երեխա, սա մի շարք խնդիրներ է լուծում: Մենք գիտենք բազում երիտասարդ ընտանիքներ, որոնք ունեն փոխկապակցված խնդիր և, քանի որ երեխան չի գնում նախակրթարան, ընտանիքի անդամներից մեկը ստիպված է լինում չաշխատել: Մեր նախաձեռնած գործընթացը կօգնի լուծել այս և մի շարք այլ խնդիրներ:

Նոր խմբերի բացմանը զուգահեռ՝ տարվա ընթացքում փորձելու ենք տարածքներ  գտնել մանկապարտեզներում, որպեսզի 2020 թվականին խնդիրը որոշակիորեն մոտեցնենք լուծմանը:

Նախակրթարաններում հերթագրման թափանցիկության մասին

«Մինչև տարեվերջ կվերագործարկենք mankapartez.yerevan.am կայքը, որը լրամշակված տարբերակով հնարավորություն կտա ծնողներին անձամբ հետևելու հերթագրման ընդհանուր շարժին: Սա արվել է մեր համաքաղաքացիների համար գործընթացն առավելագույն չափով թափանցիկ դարձնելու նպատակով»:

Շարունակությունը սկզնաղբյուրում

(Visited 5 times, 1 visits today)