«Մենք, իհարկե, նախաձեռնելու ենք ապստամբություն, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, միայն այդ կերպ կարելի է փոխել». Զարուհի Փոստանջյան

2019 թվականի հունվարի 1-ից Երևան համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման մասին Երևանի ավագանու այսօրվա որոշումն արդեն մի քանի օրից կծանրացնի գործարարների բեռը, իսկ մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպությունների վիճակը դեռ անորոշ է։ Քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել է հունվարի 15-ին արտահերթ նիստ անել և ազատել նրանց հարկային այս նոր պարտավորություններից։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ։

 – Տիկին Փոստանջյան, տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա, և ի՞նչ երաշխիք ունի փոքր բիզնեսը, որ թանկացումն իր վրա չի տարածվի։

– Նախ՝ առաջին հերթին եկեք արձանագրենք, որ այս որոշումն ընդունելուց հետո գործելու է, իսկ 15-ի՞ն, թե՞ 20-ին կհավաքվեն, իրենք ինչքա՞ն կյանք են ունենալու, ի՞նչ է մեզ սպասվում, ոչ ոք չգիտի, որովհետև մտել ենք մի այնպիսի անկայուն քաղաքական ու աշխարհաքաղաքական շրջան… Եվ խոսել, որ հետագայում կփոխեն, դա արդեն իսկ անարդար է և խոսում է այն մասին, որ այս ավագանին կոմպետենտ չէ, չի կարողանում ղեկավարել քաղաքը, և ցավալին այն է, որ ավագանին ձևավորվեց՝ ոչ թե քաղաքի զարգացման ծրագիր ներկայացնելով, այլ՝ 12 օր կեղծ հեղափոխության ու կեղծ հակահեղափոխության թեզը պտտացնելով, որի հիման վրա ձևավորվեց այս ոչ պրոֆեսիոնալ ավագանին։

Եվ, ըստ էության, ամեն ինչ չի նպաստելու Երևան քաղաքի զարգացմանը, ինչն արդեն երևում է նրանց վարքագծից. այս մի քանի ամիսների ընթացքում քաղաքն ամբողջությամբ թաղված է աղբի մեջ, հանրային տրանսպորտն ահավոր վիճակում է, և ըստ իրենց կանխատեսումների ու գործելաոճի՝ դեռ 2 տարի էլ մարդիկ շարունակելու են կռացած երթևեկել։

– Եթե ազատելու են փոքրերին տուրքերի բարձրացումից, դա հնարավոր չէ՞ր այս որոշման հետ միաժամանակ անել, ինչո՞ւ մարդկանց սպասեցնել այդքան։

– Իհարկե, սա խոսում է հենց պրոֆեսիոնալիզմի և ծրագիր չունենալու մասին։ Նրանց առջև ուրիշ խնդիր է դրված, մինչև նրանք այդ հմտությունները կամ հանրային կառավարում սովորեն, հանրային գումարների կառավարում սովորեն, ինչպես պետք է տեղի ունենան, հիմնահատակ կքանդեն այն, ինչ մի փոքր մնացել էր Երևան քաղաքում ու, բնականաբար, կնպաստեն արտագաղթին։

– Ձեր նշած այդ «ուրիշ խնդիրը» ո՞րն է։

– Իրենց առջև կեղծ հեղափոխության սպասարկման խնդիրն է դրված, որովհետև այս մարդիկ քաղաքական անձինք չեն, ուղղակի եկել են մի փոքր կարճ շրջան սպասարկելու կեղծ հեղափոխությունը։ Ուրիշ ոչինչ, նրանք ուրիշ ոչնչի ունակ էլ չեն։

– Այդ կարճ շրջանն ինչո՞վ կավարտվի։

– Շատ դժվար է ասել։ Մեզ բոլորիս պետք է այնքան գիտակցություն, ուժ և ջանք, որպեսզի կարողանանք այս արատավոր շրջանն անցկացնենք, որովհետև սա բավականին վտանգավոր շրջան է։ Պետական բյուջեն ունի հսկայական ճեղքվածք, մեր շուրջ 7 մլրդ դոլար պարտքին նոյեմբերին իրենք ավելացրեցին ևս 50 մլն դոլար։

Այս պահի դրությամբ իրենք ցանկանում են պետությունից դուրս բերել գումարներ, հանրային միջոցների հաշվին շարունակել նույն կերպ կառավարել, ինչպես նախորդն էր կառավարում, ինչը մենք հիմա տեսնում ենք՝ մոտ 3 մլն դոլար քաղաքային բյուջեից տրամադրվել է գործուղումների, անհասկանալի պարգևատրումների համար, իսկ բյուջեի մյուս հատվածը՝ մարդկանց կյանքի անվտանգությանն ուղղված հատվածը՝ վերելակների փոխարինում և այլն, կրճատվել է։

Եվ հիմա իրենք շարունակում են նույն վարքագիծը, բայց գումար չկա։ Մեր խնդիրը հենց դա է, եթե նախորդը կարողացել էր 7 մլրդ դոլար պարտք կուտակել այդ ճեղքվածքները փակելու համար, այս իշխանությունն էլ, փաստորեն, բարձրացնում է տեղական տուրքերն ու հարկերը։ Սա չի կարող արձագանք չունենալ հանրության կողմից, չի կարող չլինել իրական ըմբոստության ու իրական ապստամբության առիթ։

Այս անգամ դա տեղի է ունենալու արդեն իրական ապստամբության միջոցով, ոչ թե այն 10 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իբրև թե քայլում էր ու իբրև թե իշխանափոխություն էր անում։ Այն, ինչ Սերժ Սարգսյանը նախագծել էր, այս անգամ այդպես չի լինելու, որովհետև սա ունենալու է հստակ հեղափոխական զանգվածներ։

Հիմա տեսնում ենք Երևանի բյուջեն ու բարձրացված հարկերն ու տուրքերը, որի հետ միաժամանակ՝ ծառայություններն են թանկանալու։ Այս պահին արդեն առաջին սպառման ապրանքներն են թանկացել, օրինակ՝ հացը։

– Հայկ Մարությանն ասել է, որ այս թվերը չեն ազդելու տնտեսվարողների վրա։

– Գիտեք, մի պատմվածք կա՝ մի շատ ժլատ մարդ ուզում է իր էշին չկերակրել, մի օր չի կերակրում, տեսնում է՝ էշը լավ աշխատում է, երկրորդ, երրորդ օրը չի կերակրում, մոտ մի շաբաթ էշը շարունակում է աշխատել, բայց, ի վերջո, էշը սատկում է։ Հիմա նույն պատմությունն է։ Մարությանն այլևս հնարավորություն չունի բարձրացնելու ծառայությունների գները կամ տեղական տուրքերն ու հարկերը և դրա հաշվին իր համար գործուղումներ կամ խրախուսումներ կազմակերպել, այդ հնարավորությունները սպառվել են։ ՀՀԿ-ն նույն ձևով էր աշխատում, ուղղակի ՔՊԿ է փոխվել, ու այնտեղ Մարության է հայտնվել, բայց գործելաոճը չի փոխվել։ Եվ մենք, իհարկե, նախաձեռնելու ենք ապստամբություն, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, միայն այդ կերպ կարելի է փոխել։ Ապրիլից հետո մնացել է կառավարման նույն կառուցվածքը, նույն Սահմանադրությունը, որ Նիկոլ Փաշինյանն է հագել, Մարությանն է ուզում հագնել։

– Կարծում եք՝ Փաշինյանին 80% ձայն տված քաղաքացիները կապստամբե՞ն։

– Իրականում Փաշինյանին 80% քաղաքացիներ ձայն չեն տվել, իսկ ով ձայն է տվել, տվել է կեղծ թեզի համար՝ կեղծ հեղափոխություն և կեղծ հակահեղափոխություն, բայց այդ մարդիկ այսօր նույնպես տուժելու են։ Ինչքա՞ն կարելի է խաբել։

Ժողովրդական ասացվածք կա, թե ամեն մեկի օրը քանի օր է տևում։ Նույն Փաշինյանը չի կարող անվերջ խաբել։ Դեռ չգիտենք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի պրոյեկտն է և բավական անհաջող պրոյեկտն է, որովհետև այս խաբեբայությունը կործանարար է ամբողջ ազգի համար, և հիմքում ընկած է Արցախյան խնդիրն ու աշխարհաքաղաքականությունը։ Սերժ Սարգսյանի փոխարինման հարցը 3 բաղադրիչ ուներ՝ Արցախյան հարց և աշխարհաքաղաքականություն, երկրորդ՝ նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին, որոնք կարող էին իրեն ժառանգորդ դառնալ, օրինակ՝ Կարեն Կարապետյան և այլք, նրանց չեզոքացնելն էր, և երրորդ՝ տնտեսական վիճակը Հայաստանում, պետական պարտք, գումարի բացակայություն, տնտեսության անկում։ Այս 3 կարևոր հարցերը համընկել էին, և Սարգսյանը փորձեց գնալ այս ճանապարհով՝ հարուցելով կեղծ իշխանափոխություն, որը ժողովուրդն ընկալեց՝ որպես հեղափոխություն, որովհետև դրա կարիքն ունի։

Ապրիլի 22-ի տեսանյութերը նայեք, Աննա Հակոբյանը՝ երջանիկ և ուրախ, դավթարը ձեռքին, ծրագրված ելույթներ էին ունենում, վերջին զանգի երեկո էին անում Հանրապետության հրապարակում։ Եթե մարդիկ սթափ գնահատեն, սա, ափսոս, ժամանակի կորուստ էր, իրական բարեփոխումներ, քաղաքական ու տնտեսական մենաշնորհի վերացում, տնտեսական աճ, պետության անվտանգության ծրագիր չունեն։

Շոու-բիզնեսում հաջողված լինելը, եթե հաջողված է, ոչինչ չի նշանակում, քաղաքականությունը լուրջ գործունեություն է, և քաղաքական ծրագիրն անհրաժեշտություն է, բայց ո՛չ Փաշինյանը, ո՛չ Մարությանը չեն ներկայացրել ծրագիր։ Հիմա քաղում ենք պտուղները։

(Visited 8 times, 1 visits today)