Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Ակնալճի իր առանձնատանը. տունը շուրջօրյա հսկողության ներքո է

Երեկ գրավով ազատ արձակված Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Ակնալճի իր առանձնատանը, նրա տունը գտնվում է ոստիկանների հսկողության ներքո։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Էջմիածին-Երևան ճանապարհը փակած ցուցարարներին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Այնտեղ ոստիկաները շուրջօրյա՝ 24 ժամ հսկողություն են իրականացնում։ Մենք օրենքի կողմն ենք, մենք պահպանում ենք օրենքը»,- ասաց Օսիպյանը։

Գեներալ Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակման դեմ բողոքի ակցիա անցկացնող էջմիածնեցիները փակել են Էջմիածին-Երեւան ճանապարհը։

Հավաքվածները բողոքում են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ եւ պահանջում են, որ Մանվել Գրիգորյանին նորից կալանավորեն։

Բողոքի ակցիայի վայրում հավաքված են մեծ թվով ոստիկաններ։ Նշենք, որ երեկ ուշ երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

(Visited 2 times, 1 visits today)