«Հանգստացեք ու մտածեք, որ այդ հողերը վերադարձնելու մեկ ուղի կա՝ պատերազմը, ինչպես որ պատերազմն է եղել դրանք վերցնելու ճանապարհը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսին էլ եղել է ու կա իմ վերաբերմունքը ու քննադատությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց վարած քաղաքականությունների հանդեպ, ոչ նախկինում, ոչ էլ այժմ չեմ միացել ու չեմ միանա այն քննադատություններին, որ նրանք հող տվող էին: Նրանք արտաքին ու արցախյան հակամարտության կարգավորման հարցում գավառական շուստրիությամբ առաջնորդվող արկածախնդիր քաղաքականություն էին վարում՝ «կասենք կտանք, բայց չենք տա՝ կամ Ադրբեջանը մեզանից առաջ ու առաջինը կմերժի առաջարկվող տարբերակը, կամ հանգամանքներն այլ կերպ կդասավորվեն, կամ գերտերություններից որևէ մեկը չի թողնի» ու այսպես շարունակ: Քաղաքական կյանքում նրանց ուղղված շահարկումները եղել են կամ ուղղակի մանիպուլյացիայի ու նրանց դիրքերը թուլացնելու, կամ աբիժնիկության ու կույր ատելության, կամ էլ անմեղսունակության ու խնդրից չհասկանալու, անարհեստավարժության դաշտում: Ես միշտ ինձ հեռու եմ պահել այդ ամենից, երբ նախկինում ընդդիմադիր, այժմ իշխանության մեջ գտնվող ընկերներն էլ դա շահարկում էին: Ինձ համար պարտադիր չէր, որ Լուկաշենկոն բլթացներ, որ ես կամ հավատայի, կամ չհավատայի, որովհետև 20 տարի է պրոցեսին ամեն օր ու ամեն րոպե եմ հետևում ու գիտեմ, թե դրա ողջ ինստիտուցիոնալ հիշողությունը, թե նաև խաղիկները: Աժմ նույն անազնվությունն է Նիկոլ Փաշինյանի հանդեպ՝ հողերը տալիս է, տալու է, ու նման կարգի հիմարություններ:

Կարծես ճակատագրի հեքնանքով բումերանգ ու վրեժխնդրություն լինի նրա ու իր թիմակիցների հանդեպ, որոնցից ոմանք նույն տոնով նախկին իշխանություններին էին մեղադրում: Հողերը տալ-չտալու կլասիկ բանաձևը տվել է երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը դեռ 88-ին՝ «շվցրեք, շվցրեք, հողերը գրպանումս չէ, որ տամ»: ՀՀ մեկ նախագահ է եղել, որը շատ անթաքույց իր տեսլականն է ներկայացրել հողեր տալ-չտալու հարցում ու մերժված հեռացել՝ դա Տեր-Պետրոսյանն է: Իր մյուս հաջորդները խորունկ եղել են ստատուս-քվոն տարբեր հնարքներով երկարաձգողներ ու իշխանությունը վայելողներ, դրա միջոցով արտաքուստ լեգիտիմացնողներ, որովհետև դրա խնդիր են ունեցել ներսում:

Նիկոլ Փաշինյանը ներքին լեգիտիմության խնդիր չունի, այն արտաքին աշխարհով փոխլրացնելու կարիք չունի, ու հող տվող էլ չէ, հողերն էլ իր գրպանը դրված չեն՝ Դեմիրճյանի ասած:

Հանգստացեք ու մտածեք, որ այդ հողերը վերադարձնելու մեկ ուղի կա՝ պատերազմը, ինչպես որ պատերազմն է եղել դրանք վերցնելու ճանապարհը:

Ալիևը սա հասկացել է, մնում է դուք հասկանաք, շահարկումներին չնպաստեք ու կենտրոնանաք պատերազմը կանխելու, Հայաստանի ու Արցախի դիրքերը ամրապնդելու վրա»:

(Visited 14 times, 1 visits today)