Ի՞նչ կատարվեց ապրիլյան պատերազմի ժամանակ․Պահանջվող բացահայտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադարձել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական բաժնի նախկին պետ գեներալ Արշակ Կարապետյանին խորհրդական նշանակելու աղմկոտ որոշմանը: Թե ինչու է այդ որոշումը աղմկոտ, թերևս պարզ է բոլորին՝ Արշակ Կարապետյանը հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնը թողեց ապրիլյան քառօրյայից հետո: Ավելի շուտ՝ նա ազատվեց պաշտոնից Սերժ Սարգսյանի որոշումով: Այդ օրերին շատերն էին խոսում, որ քառօրյա պատերազմում հայկական կողմի կորուստները, այսպես ասած՝ ադրբեջանական գրոհի անսպասելիությունը հետախուզության մեղքն էր:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ ինքը վարչապետի պաշտոնում տասնյակ և հարյուրավոր էջեր գաղտնի տեղեկատվություն է ընթերցել ապրիլյան պատերազմի մասին և որևէ անգամ չի հանդիպել հետախուզական տվյալների բացակայության խնդրի: Այս հարցում, անշուշտ, առանցքայինը ամենևին նշանակումը, դրա առաջացրած հարցերը և պատասխանները չեն: Եթե անգամ նշանակման մասով Նիկոլ Փաշինյանը ցրում է, այսպես ասած, կասկածները կամ մեղադրանքները, այդուհանդերձ գլխավոր հարցը ապրիլյան քառօրյան է, որը, ըստ էության, իր քաղաքական բովանդակությամբ ոչ միայն չի զիջում Մարտի 1-ին, այլ նույնիսկ բազմապատիկ ավելի կարևոր է, իհարկե՝ վատ իմաստով:

Խնդիրն այն է, որ Մարտի 1-ի դեպքում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխող համակարգը հանցավոր գործողություն է կատարել իր երկրի քաղաքացիների դեմ, ինչը հանգեցրել է տասը զոհի: Ապրիլյան քառօրյան, իհարկե, այլ է՝ ադրբեջանական ագրեսիա, որի հետևանքով են եղել թե՛ զոհերը, թե՛ տարածքային կամ դիրքային որոշակի կորուստը: Սակայն երբ այս իրողությունները դիտարկում ենք նրանց քաղաքական ազդեցության, շրջադարձայնության տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ ապրիլյան քառօրյան ունի առանձնահատուկ նշանակություն: Ընդ որում՝ թե՛ իր ողբերգականության, թե՛ նաև մյուս՝ դրական կողմով: Դրական այն իմաստով, որ թանկ ու ծանր կորստի գնով, սակայն հայկական պետականությունը կարողացավ բռնել շատ ծանր մի քննություն և կանխել շատ ծանր հետևանք, որ կարող էր լինել, եթե չլիներ բանակի սխրանքը և հասարակության կամավորական ջանքը:

Եվ այս իմաստով իհարկե, որքան բացահայտում է պահանջում Մարտի 1-ը, այս դեպքում՝ որպես կատարված հանցագործություն, նույնքան էլ բացահայտում պահանջում է ապրիլյան քառօրյան: Որպես հանցագործություն կամ որպես հանցավոր անգործություն, կամ որպես անփութություն, անտարբերություն, կառավարման անարդյունավետություն, այս ամենը պարզ պետք է լինի բացահայտումից: Միաժամանակ բոլորս ենք հասկանում, որ ապրիլյան քառօրյան չի կարող բացահայտվել ինչպես սովորական մի բան, որովհետև այստեղ մենք գործ ունենք գաղտնի տեղեկատվություն պարունակող ահռելի նյութերի հետ:

Սակայն, մենք, որպես պետություն, պետականություն, պետք է ամբողջապես հասկանանք, թե ինչ է կատարվել ապրիլին: Դա չի նշանակում, որ դա պետք է լինի հանրայնորեն հրապարակված կամ առավել ևս քննարկված, սակայն սա հիմնարար հարց է՝ որպես պետականություն ունենալ ապրիլյան քառօրյայի ամբողջական, շղթայական ախտորոշումը, որովհետև դա է միայն երաշխիքը, որ չենք ունենա կրկնությունն այն հանցավոր կամ անփույթ, անտարբեր սխալների ու բացթողումների, որոնք ունեցանք քառօրյայի ընթացքում:

Թեև քառօրյան ինքնին այս դեպքում պայմանական հասկացություն է, որովհետև, խոշոր հաշվով, պատերազմական էր ամբողջ ապրիլը: Եվ ահա այս իմաստով է հարցը կարևոր, թե ինչ է պարզել իր համար Նիկոլ Փաշինյանը, որպես Գերագույն գլխավոր նոր հրամանատար, ինչ է պարզել իր համար իշխանությունն ընդհանրապես՝ առնվազն այն մասով, որ ներառված է անվտանգության խորհրդում:

Վերջին հաշվով, այստեղ, իհարկե, հասկանալով հանդերձ, որ պատկերը չի կարող հանրայնացվել՝ պետական գաղտնիության տրամաբանությունից ելնելով, առնվազն ամբողջությամբ հանրայնացվել, սակայն այդուհանդերձ այն պետք է իշխանության մի որոշանի շրջանակի համար բացված լինի այնքան, որ այդ իրազեկվածությունը ինքնին բացառի հետագայում իրավիճակ, երբ հնարավոր կդիտվի որևէ այդօրինակ իրավիճակ թույլ տալու դեպքում հաշվարկել նաև պատասխանատվությունը որևէ մեկի վրա դուրս գրելու քայլերը:

Երբ հստակ լինի մի ներիշխանական իրավիճակ, որը կբացառի պատասխանատվությունը լղոզելը, որը կերաշխավորի պատասխանատվության անբեկանելիությունը, այդ դեպքում նաև երաշխավորված կլինի այն, որ յուրաքանչյուր բարձրաստիճան քաղաքական և ռազմական պաշտոնյա՝ ամեն մեկն իր տեղում կանի ամեն ինչ, այդպիսի ծանր պատասխանատվության տակ հանկարծ չմնալու համար:

(Visited 6 times, 1 visits today)